Շիրակի մարզի պատվիրակությունը, մարզպետի գլխավորությամբ Դիլիջանում մասնակցել է Եվրոպայի խորհրդի անդրսահմանային համագործակցության Առաջնորդության ակադեմիայի դասընթացի չորրորդ փուլի հանդիսավոր բացմանը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարությունների, Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի, ՀՀ Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերի, Վրաստանի Սամցխե-Ջավախեթի եւ Քվեմո Քարթլի շրջանների ներկայացուցիչները:
Անդրսահմանային համագործակցության առաջնորդության եռաստիճան ակադեմիան անցկացվում է Եվրոպայի խորհրդի «Ապակենտրոնացում եւ անդրսահմանային համագործակցություն Հայաստանում» ծրագրի շրջանակում: Նախաձեռնությունը ֆինանսավորողը Եվրոպայի խորհրդն է:
Դասընթացը բոլոր մակարդակների պետական իշխանությունների համար է արվում, որի ավարտին մասնակիցներն ամենօրյա աշխատանքին կվերադառնան առաջնորդության առավել խորացված գիտելիքներով եւ կարողություններով։
Դասընթացի կազմակերպիչները վստահեցնում են, որ պետական պաշտոններ զբաղեցնող մասնակիցներին կտան մատչելի գործիքներ եւ գիտելիքներ՝ սահմանի երկու կողմերում համագործակցության խոչընդոտները վերհանելու, քարտեզագրելու, ինչպես նաեւ շահագրգիռ կողմերին բացահայտելու համար։
Շիրակի մարզի մասնակիցների խմբի ղեկավար, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը համոզված է, որ այս նախաձեռնությունը բերելու է երկու երկրների սահմանամերձ համայնքների հարաբերությունների առավել սերտացմանն ու բարիդրացիական հարաբերությունների խորացմանը: «Սա կստեղծի բարենպաստ պայմաններ Հայաստանի եւ Վրաստանի սահմանակից համայնքների ու մարզերի, մասնավորապես, Շիրակի ու Սամցխե-Ջավախեթիի մարզերի միջեւ արտաքին տնտեսական կապերի զարգացման ու գործընկերային հարաբերությունների խորացման համար»:
Մարզպետն այցի դրական կողմերից եւս մեկ կարեւոր արդյունք է առանձնացնում. Շիրակի եւ Սամցխե-Ջավախեթիի մարզերի միջեւ առեւտրատնտեսական, հումանիտար եւ մշակութային համագործակցությանն առնչվող փոխըմբռնման հուշագիր է կնքվելու, որի վերաբերյալ քննարկումներն ընթացքի մեջ են: Կողմերը վստահ են, որ հուշագրի ստորագրումը կնպաստի երկու մարզերի ապակենտրոնացված գործակցությանը: Թեեւ հուշագիրը դեռ ստորագրված չէ, բայց երկու կողմերն էլ փաստում են՝ Շիրակի ու Սամցխե-Ջավախեթիի բնակիչների միջեւ վաղուց բարիդրացիական ու բարեկամական կապեր կան, ինչը գաղտնիք չէ որեւէ մեկի համար:
Այցի շրջանակում Մուշեղ Մուրադյանը հանդիպել է Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի տեղակալ Դավիթ Վարդիաշվիլիի հետ, քննարկել համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։