Վաշինգտոնը շարունակում է դիվանագիտական ջանքերը Հարավային Կովկասում չլուծված մի շարք հարցեր լուծեու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը մոտ մեկ ամիս առաջ Թբիլիսի, եւ երկու շաբաթ առաջ Երեւան կատարած այցերից հետո այժմ այցելում Բաքու։
«Մենք այդ ուղղությամբ արդեն որոշ ժամանակ է ինչ աշխատում ենք։ Պետքարտուղարի օգնականը պարբերաբար ուղեւորվում է այնտեղ»,-նշել է Միլլերը։
Նշենք, որ նախօրեին ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Ջեյմս Օ՛Բրայենը հունիսի 27-ից 29-ը կուղեւորվի Ադրբեջան եւ Խորվաթիա։
Հաղորդագրության համաձայն նա Բաքվում հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
«Բանակցությունների ընթացքում կողմերը կանդրադառնան ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների առաջընթացին, ինչպես նաեւ կքննարկեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ համաձայնագրի կնքման գործում ամերիկյան աջակցության հարցը», — ասվում է հաղորդագրության տեքստում։