Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հերթական աշխարհացունց բացահայտումներն է արել։ Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նա ասել է, թե Ռուսաստանը Լեռնայաին Ղարաբաղը վերցրել է հայերի ձեռքից ու վերադարձրել Ադրբեջանին։
Գրիգորյանի կարծիքով ռուսները 2020 թվականին եկել են, հանձնել Արցախը եւ հեռացել։ Ի պատասխան այս պնդման լրագրողներից մեկը նրան հիշեցրել է 2022-ի Պրագայի հայտարարության մասին, որով Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բայց Գրիգորյանն ավելի ուժգին է փայլատակել։ Ոչինչ չասելով պրագյան գործընթացի մասին՝ նա նորից հիշել է Պուտինի հարցազրույցը, որտեղ ՌԴ նախագահը նշել է, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության անքակտելի մասն է։
Մտածելով Արմեն Գրիգորյանի այս պրպտումների մասին՝ եկա եզրակացության, որ նա կա՛մ ընդհանրապես չի տիրապետում Ղարաբաղյան հակամարտության պատմությանը կա՛մ էլ էժանագին դեմագոգիայով է զբաղված։ Ի դեպ, հաշվի առնելով այդ մարդու դիրքն ու կարգավիճակը, երկու տարբերակներն էլ չափազանց վտանգավոր են մեր երկրի համար։
Բնականաբար չեմ փորձում որեւէ կերպ արդարացնել Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում։ Ավելին՝ որպես ՀՀ քաղաքացի չեմ էլ կարող հաշտ լինել Արցախի հայաթափման գործում Մոսկվայի շոշափելի մասնակցության հետ։ Բայց նույնիսկ այս ամենը հաշվի առնելով, համոզված եմ, որ չի կարելի կատարվածի ողջ պատասխանատվությունը բարդել ռուսների վրա։ Սա իշխանությունների կողմից տարվող քայքայիչ քարոզչություն է, որի նպատակն է արդարացնել ու սրբագրել Փաշինյանի վարչակազմի կործանարար քաղաքականությունը։ Թերեւս Արմեն Գրիգորյանի հայտարարություններն էլ տեղավորվում են հենց այս տրամաբանության մեջ։
Միգուցե Գրիգորյանն այս հարցում նաեւ անձնական շարժառիթներ ունի, քանի որ, լինելով արցախցի, ստիպված է արդարացնել նաեւ հենց ինքն իրեն՝ քողարկելով իր մասնակցությունը Արցախի օտարման գործընթացին։
Վերադառնանք բուն թեմային՝ Պուտինի հայտնի հարցազրույցին, որտեղ նա իբր Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Տպավորություն է, թե Արմեն Գրիգորյանը երբեւէ չի լսել Նիկոլ Փաշինյանի հարցազրույներն ու մամուլի ասուլիսները։ Վերջին երեք տարիներին վարչապետն ամեն կերպ փորձում է ցույց տալ եւ հիմնավորել այն ճշմարտությունը, որ 1991 թվականից ի վեր աշխարհը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախն էլ ներառյալ։ Եվ միայն Հայաստանն է, որ վիճարկել է այդ փաստը՝ հակամարտության մեջ մտնելով միջազգային հանրության հետ։
Նույնիսկ վերջերս ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանը հետաքրքիր մի հոդված էր գրել, որտեղ քննադատել էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին Լիսաբոնի գագաթնաժողովում վետո դնելու համար։ Այսինքն, պատգամավորը կշտամբում է նախագահին, որ վերջինս չի համաձայնել Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու միջազգային մոտեցման հետ։ Ասվածից հետեւում է, որ Արմեն Գրիգորյանի այն պնդումը, թե Պուտինն է հարցազրույցով Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում անհեթեթություն է։
Դա հերքվում է առաջին հերթին հենց ՀՀ իշխանության պաշտոնական քարոզչությամբ։ Ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, երբեք չեն ճանաչել Արցախի անկախությունը եւ ամենակարեւորը՝ երբեք կասկածի տակ չեն դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Մի՞թե ՀՀ ԱԽ քարտուղարն այս պարզ ճշմարտությունները չի հասկանում։ Կարծում եմ՝ լավ էլ հասկանում է, պարզապես շատ ավելի դյուրին է մարդկանց գլուխները լցոնել քարոզչական աղբով եւ ամբողջ մեղքը բարդել Պուտինի ինչ-որ հարցազրույցի վրա։ Բնականաբար հակամարտության կարգավորման նրբություններին չտիրապետող մարդկանց մոտ հարցեր չեն առաջանա. չէ՞ որ նրանց ընկալմամբ եթե ամենակարող Պուտինն էր այդպես խոսում, «բա էլ խեղճ Փաշինյանը ի՞նչ աներ»։
Անիրազեկ քաղաքացիները չեն էլ կասկածի, որ վճռական ու վերջնական խոսքը մեծ մասամբ կախված է եղել հենց Փաշինյանից, քանի որ հենց Հայաստանն է 1988-ից ի վեր փորձել Արցախը պոկել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից, այլ ոչ թե՝ Մոսկվան, Հայաստանի ղեկավարն է 1991-ից ի վեր քաղաքական ու բարոյական պատասխանատվություն ստանձնել արցախցիների նկատմամբ, այլ ոչ թե՝ Պուտինը։
Ի վերջո դա հայ ժողովրդի ազգային հարցն էր։ Փաստերից հնարավոր չէ փախչել, Արցախի դագաղի վերջին մեխը խփվել է Պրագայում, երբ Փաշինյանը de jure Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։
Հիմա գանք Գրիգորյանի այն պնդմանը, թե Ռուսաստանն է Լեռնային Ղարաբաղը վերցրել հայերի ձեռքից ու վերադարձրել Ադրբեջանին։ Այսինքն, նա ակնարկում է, թե ռուսները դավաճանել են Հայաստանին եւ մենք կոպտագույն սխալ ենք թույլ տվել՝ հույսներս դնելով անվտանգային մեկ կենտրոնի վրա։ Իմ համոզմամբ իրականում հենց Ռուսաստանին դավաճանության մեջ մեղադրողներն են իրական ռուսամետները։
Պարզից էլ պարզ է՝ եթե մեկին դավաճան ես համարում, նշանակում է ժամանակին նրանից ինչ-որ մեծ ու արժեքավոր բան ես ակնկալել։ Օրինակ՝ փրկություն։ Ի՞նչ է ռուսներից ակնկալել քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների մագիստրոս, նախանձախնդիր ընթերցասեր Արմեն Գրիգորյանը։ Մի՞թե նա չի կարողացել հետազոտել Ռուսաստանի վերջին 20 տարիների քաղաքականությունը՝ հասկանալու համար, որ Ղարաբաղի հարցում այդ տերությունից ոչ մի լավ բան չի կարելի ակնկալել։
Մի փոքր հեռվից գանք իրերի դրությունը ճիշտ ընկալելու համար։ Պուտինի 2008 թվականի Մյունխենյան հայտնի ելույթը, Արաբական գարունը, Սիրիական պատերազմը, Ղրիմի անեքսիան, Ուկրաինական ճգնաժամը վկայությունն էին այն պարզ իրողության, որը աշխարհը ներքաշվում է շղթայական կերպափոխումների շրջափուլի մեջ։ Բնականաբար Հայաստանն էլ չէր կարող անմասն մնալ այդ փոփոխություններից եւ ի վերջո ցնցումներն այդ հասնելու էին նաեւ մեր տարածաշրջան, մասնավորապես՝ Արցախ։
Առնվազն 2010-ականների առաջին կեսից Ռուսաստանը շատ թափանցիկ ու հրապարակային սկսում է քայլեր ձեռնարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Մի կողմից զինելով Ադրբեջանին, մյուս կողմից կարգավորման ծրագրեր առաջարկելով՝ Մոսկվան ձգտում էր ցանկացած լուծման, որը կերաշխավորեր իր մուտքը Ադրբեջանի տարածքային ամբողջականություն։
Այստեղ որեւէ դավադրություն չկա, ամեն ինչ եղել է հրապարակային եւ Հայաստանին այլ ելք չէր մնում, քան գնալ փոխզիջումների եւ բավարարել Մոսկվայի կամքը։ Դա կլիներ Հայաստանի Հանրապետության ամենաինքնիշխան քայլը, քանի որ երբ ինչ-որ գործընթաց անկասելի է ու անշրջելի, ապա իմաստ չկա դիմադրել դրան։ Միակ խելամիտ քայլը դրանից հնարավոր օգուտներ քաղելն է։ Իսկ օգուտներ վստահաբար կլինեին։
Առնվազն մարդիկ չէին մահանա։ Այսինքն, Ռուսաստանի քայլերը ավելի քան կանխատեսելի էին։ Հայաստանից էլ պահանջվում էր ընդամենը չներքաշվել լայնամասշտաբ պատերազմի մեջ ու չջախջախվել։
2018 թվականին գալով իշխանության՝ Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Գրիգորյանը, ցավոք, ընտրեցին հակամարտության կարգավորման հենց ամենաանթույլատրելի տարբերակը։ Նրանք Հայաստանին տարան ջախջախման՝ Երեւանին դուրս մղելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից։ Այսինքն, հենց Փաշինյանն ու ՔՊ-ն են իրենց չհաշվարկված գործողություններով Ղարաբաղը նվիրել ռուսների եւ ադրբեջանցիների միահեծան տնօրինությանը։
Պատերազմից ահաբեկված Ղարաբաղը հանձնելով Ռուսաստանին՝ հետագայում նրանք ներքաշվել են աշխարհաքաղաքական արկածախնդրությունների մեջ։ Բնականաբար դրան էլ հաջորդել է ՀՀ-ի դեմ ագրեսիան, ինչի հետեւանքով Փաշինյանն արդեն սկսել է փրկություն աղերսել Արեւմուտքից։ Վերջինս էլ առաջարկել է իր լուծումը․ ՀՀ տարածքային ամբողջականության դիմաց Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։
Բնականաբար այս տարբերակն ուներ նաեւ ռուսներին տարածաշրջանից հեռացնելու հեռահար ծրագիր, քանի որ Մոսկվային Հարավային Կովկասում պահող ամենաազդեցիկ գործոնը հայ-ադրբեջանական հակամարտությունն էր։ Իհարկե Մոսկվան կարող էր պաշտպանել կարգավորման իր տարբերակը, որը ձեւակերպված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Բայց այդ երկիրը ներքաշված է Նապոլեոնյան պատերազմներից ու Երկրորդ աշխարհամարտից հետո իր պատմության ամենաարյունալի եւ կործանարար հակամարտության մեջ։ Դա է նրա առաջնահերությունը, հանուն որի կարելի էր նույնիսկ հրաժարվել ինչպես Լեռնային Ղարաբաղից, այնպես էլ Հայաստանից, գոնե ժամանակավորապես։
Ռուսաստանը կայսրություն է, չընդհատվող պետականություն, որն ունի իր շահերն ու հետաքրքրությունները, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսից մինչեւ Մերձավոր Արեւելք ու Արեւելյան Եվրոպա։ Այս փուլում նրան ձեռնտու էր հեռանալը, միգուցե վերադարձի հեռանկարով։
Աշխարհաքաղաքական այս բարդ ու բազմաշերտ խճանկարում Հայաստանը կարող էր շատ ավելի շահեկան դիրքերում հայտնվել։ Նրան մնում էր ընդամենը չմտնել պատերազմի մեջ։ Հիշողությունից զուրկ հայ քաղաքական միտքը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, որ ծանրագույն այս իրավիճակը ռուսների երեկվա ու այսօրվա դավաճանության հետեւանքով չի ձեւավորվել։ Մենք մինչ օրս կրում ենք 2000-ականների եւ 2010-ականների իռացիոնալ միֆերի հետեւանքները, քանի որ հենց այդ մշակութային միջավայրը սաղմնավորեց եւ մարմնավորեց մեր ռազմաքաղաքական ջախջախումը։
«Ոչմիթիզականությունն» է առաջին հերթին հանձնել Արցախը, այլ ոչ թե Ռուսաստանը, ոչմիթիզական ռազմահայրենասիրությունն է Արցախի բախտի տնօրինումը նվիրել ռուսներին, իսկ վերջիններս տնօրինել են այն՝ ելնելով իրենց շահերից ու հետաքրքրություններից։
Ի դեպ հոդվածում «ոչմիթիզականության» այսքան շեշտադրված հիշատակումը ամենեւին էլ պատահականություն չէ, քանի որ հենց Արմեն Գրիգորյանն էլ 2010-ականներին այդ քայքայիչ հոսանքի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկն էր։ Այս համատեքստում որոշեցինք անցյալի նրա հոդվածներից փոքրիկ ծաղկաքաղ պատրաստել, որ մարդկանց համար էլ ավելի ակնառու դառնա մեր քաղաքական մտքի թշվառությունն ու բոբիկությունը։
2012 թվականին «Մեդիամաքսի» իր սյունակում նա գրում է․
«Արդյո՞ք մեզ ոչնչացնել ցանկացող թշնամու հետ բանակցելը եւ նրանց զիջումներ խոստանալը դավաճանություն չէ հայ ժողովրդի նկատմամբ: Մի բան հստակ է. ցանկացած զիջում, որը վտանգ է ստեղծում մեր կյանքին, դավաճանություն է»։
Իսկ հիմա այս աշխարհայացքով մարդը Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ գլխավոր բանակցողներից մեկն է։ Եթե առաջնորդվենք Գրիգորյանի տրամաբանությամբ, ապա ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ ինքը պարզապես դավաճաններ են։
Անցնենք առաջ․
«Արցախյան պատերազմից հետո Հայաստանում վերջապես ձեւավորվել է հասարակության մի խավ, որի համար անընդունելի է Արցախի ներկայիս տարածքի որեւիցե զիջում»։
Փաստորեն նա քարոզել է, որ 7 շրջանները որեւէ կերպ չի կարելի հանձնել Ադրբեջանին եւ այսքանից հետո Ռուսաստանն է դավաճանը, որ մեզ չի օգնել։
Կարո՞ղ եք ինձ ցույց տալ պաշտոնական մի փաստաթուղթ կամ էլ հրապարակային խոսք, որտեղ Ռուսաստանը պարտավորվել է կյանքի կոչել ռազմահայրենասեր Արմեն Գրիգորյանի ռազմահայրենասիրական քմահաճույքները։ Մեկ այլ հոդվածում նորից կրկնում է նույն միտքը ՝
«Ադրբեջանի վարքագիծը ժամանակ առ ժամանակ մեզ հուշում է, որ «ոչ մի թիզ հող» զիջելու թեզը արդիական խնդիր է, սակայն այն օրակարգային դարձնելու եւ մշտապես հասարակության ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտություն կա»։
Թերեւս ամենազավեշտալին այն է, որ հոդվածի հերոսը «Քարվաճառյան սկզբունքների» հավատարիմ ջատագովն է եղել։ Ավելին դրա համատեքստում նա առաջնային պլան է մղում հայրենատիրության գաղափարը։
Մասնավորապես գրում է հետեւյալը․
«Հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից ու ընդունել Քարվաճառյան սկզբունքները։ Այսօրվա գլխավոր մարտահրավերներից են 42 հազ. ք. կմ տարածքի անձեռնմխելիության եւ անսակարկելիության հաստատումը, ինչպես նաեւ Սահմանադրական կարգի հաստատումը այդ տարածքում: Վերջիններիս իրականացման հիմքերից մեկը կլինի Քարվաճառյան Հռչակագիրը»։
Մեկ այլ շատ ավելի հետաքրքիր հոդվածում Գրիգորյանը կարեւորում է պատերազմի գաղափարը՝ Ղարաբաղյան հակամարտության որպես ամենարդյունավետ լուծում դիտարկելով ռազմական գործողությունները․
«Հայաստանը զինադադարի պայմաններում շարունակում է կորուստներ կրել եւ մեծ միջոցներ է ծախսում մրցավազքից հետ չմնալու համար: Կարծես թե պատերազմը անհրաժեշտություն է դառնում, որպեսզի վերջնական հաղթանակ հաստատելու հնարավորություն ստեղծվի: Հակառակ դեպքում մենք պետք է շարունակենք խաղաղ պայմաններում զոհեր ունենալ ու մրցել նավթային դոլարների հետ»։
Գրիգորյանը մերժում է նաեւ Արցախի Հանրապետության գոյության հնարավորությունը՝ դա դիտարկելով որպես անպատեհ ձեւականություն։ Ըստ նրա ինքնորոշումը հենց միացումն է։
Այս թեմայով Գրիգորյանը գրում է․
«Անկախության տոնը որպես արցախցի տոնելու եմ միայն սեպտեմբերի 21-ին, քանի որ հայ զինվորի կողմից վերահսկվող ամբողջ տարածքը Հայաստան է: Եվ հավատացած եմ` միասին ապագայում կարողանալու ենք գերազանցել անցած 20 տարիների հաղթանակները»։
Փաստորեն դեռեւս այն ժամանակ Արմեն Գրիգորյանը ապրել է պատմական Հայաստանով՝ չգիտակցելով իրական Հայաստանի կարեւորությունը։ Ջաբրայիլը, Ֆիզուլին եւ Աղդամը նրա համար Հայաստան են եղել։ Ավելին՝ այս համատեքստում նա հեգնում եւ քննադատում է Սերժ Սարգսյանին, որը մի առիթով ասել էր, թե Աղդամն իր հայրենիքը չէ։ Ի դեպ ԱԽ քարտուղարի վերոհիշյալ ձեւակերպումը շատ նման է Բագրատ սրբազանի այն պնդմանը, թե ՀՀ սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած է հայ զինվորը։
Ուշադրության արժանի է նաեւ ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին նվիրված հոդվածը։
«Երեկ Մոնթեն 55 տարեկան կդառնար: Նրա հիշատակը վառ պահելու ամենալավ միջոցը Արցախի ներկայիս տարածքի պահպանումն է, քանզի այդ տարածքի ցանկացած զիջում մեր պատմության վերջին էջը թերթելու վտանգ կստեղծի: Ասում են` Մոնթեն իր պատկերացրած Արցախի քարտեզն է ունեցել, որը քիչ է տարբերվում ներկայիս Արցախի քարտեզից: Այդ Արցախի ստեղծումը ու պահպանումը իսկապես կլինի նրա հիշատակը վառ պահելու լավագույն միջոցը»։
Հրաշալի է ձեւակերպված, միայն թե տրամաբանական հարց է առաջանում, արդյոք Գրիգորյանը հիմա էլ է կարծում, որ մենք թերթել ենք մեր պատմության վերջին էջը։ Չէ՞ որ Արցախն այլեւս չկա։
Մի բան էլ․ իր հոդվածներում Արմեն Գրիգորյանը անընդհատ հեգնում է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որն իբր չափից դուրս մեծ նշանակություն է տալիս միջազգային հանրությանը։ Նրա հակափաստարկը հետեւյալն է․ ՄԱԿ-ի ԱԽ-ի ամեն բանաձեւից հետո հայկական ուժերը նոր տարածքներ են գրավել, ինչից հետեւում է, որ միջազգային հանրությանը պետք չէ շատ լուրջ վերաբերվել։
Հիմա Գրիգորյանն ու ՔՊ-ն գնում են ամբողջությամբ հակառակ ուղղությամբ․ անհաջողակ ձկնորսի պես փորձում են օվկիանոսում միջազգային հանրության գնահատական որսալ ադրբեջանական ագրեսիան կանխելու համար։
Գրիգորյանի քննադատության թիրախում պարբեբարաբար հայտնվում է նաեւ նախկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նրան էլ մեղադրում է Ադրբեջանական հռետորաբանությանը համարժեք չպատասխանելու համար։ Այն նույն Արմեն Գրիգորյանը, որի կառավարությունը նույնիսկ Ալիեւի ամենաքնքուշ վիրավորանքին չի արձագանքում։
Ամենեւին չեմ փորձում վիրավորել կամ էլ թիրախավորել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին, որի հետ անցյալում ճանապարհ եմ անցել։ Ընդամենը նրա օրինակով փորձեցի ցույց տալ, որ մեր դժբախտությունների պատճառն առաջին հերթին հենց մեր մեջ է, այլ ոչ թե՝ արտաքին աշխարհում։
Հարյուրամյակներ շարունակ հայ քաղաքական միտքը հրաժարվել է առերեսվել իրականության հետ՝ մեր ժողովրդին պատուհասած աղետների ողջ պատասխանատվությունը բարդելով արտաքին խաղացողների՝ ռուսաց ցարի, պարսից շահի, օսմանյան սուլթանի, Քեմալի, Լենինի, իսկ հիմա էլ Պուտինի եւ Էրդողանի վրա։ Իսկ մենք ի՞նչ ենք արել հանուն մեր փրկության։
Ի՞նչ է արել Արմեն Գրիգորյանը հանուն իր Արցախի գոյության։ Այո՛, զբաղվել է ազգայնական դեմագոգիայով եւ հակապետական քարոզով, հիմա էլ ինքնավստահ դեմքի արտահայտությամբ Պուտինի վրա է հոխորտում։ Սա զուտ մասնավոր անձի մոլորություն չէ։ 2010-ականներին «ոչմիթիզականությունը» նորաձեւ էր ու երբեմն էլ հասնում էր զանգվածային հոգեխանգարման, որը ես ռազմահայրենասիրական շիզոֆրենիա եմ անվանում։
Հենց այդ հոսանքն է սպանել Արցախը։ Իսկ Ռուսաստանը, Լեոյի ձեւակերպմամբ՝ խաբեբա եւ խարդախ քաղաքականությամբ առաջնորդվող հին կայսրություն է, որի հետ պետք է կարողանանք հարաբերվել որպես պետություն, այլ ոչ թե որպես՝ նեղացած հարճ։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։