Հայաստանը պատրաստ է մեկ ամսում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը, այս մասին Տալլինում՝ Էստոնիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին, ապա մենք շարունակում ենք բանակցային գործընթացը։ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստը գրեթե պատրաստ է։ Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում ամբողջությամբ վերջնական տեսքի բերել տեքստը եւ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»,-ասել է Հայաստանի արտգործնախարարը եւ հավելել․ «Չեմ կարող ասել, որ տեսնում ենք ադրբեջանական պատրաստակամությունը՝ մեկ ամսվա ընթացքում փաստաթուղթը ստորագրելու համար»։
Նշենք, որ նախօրեին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Երեւանը ստացել է խաղաղության համաձայնագրի ադրբեջանական կողմի թվով 10-րդ տարբերակը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ չի կարող ասել, որ կողմերը մոտեցել են համաձայնագրի ստորագրմանը։
Չնայած Հայաստանից բազմիցս են հնչում մեկ ամսում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման պատրաստակամության մասին հայտարարություններ, այնուամենայնիվ Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշում։ Որպես հիմնական խոչնդոտ համաձայնագրի ստորագրման համար Բաքուն նշում է Հայաստանի սահմանադրությունը, որտեղ ադրբեջանական կողմի պնդմամբ տարածքային հավակնություններ կան ուղղված Ադրբեջանի դեմ։