Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել է, որ Ռուսաստանում հայտնաբերվել են ավելի քան 30 հազար օտարերկրացիներ, ովքեր վերջերս ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն եւ չեն կանգնել հաշվառման զինվորական ծառայության համար։ «Интерфакс»-ի փոխանցմամբ այս մասին Քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարել է՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումում։
Բաստրիկինը պատմել է, որ երկրի իրավապահ մարմիններին հաջողվել է հայտնաբերել այն փաստը, որ քաղաքացիություն ստացած ներգաղթյալները սկսել են լքել երկիրը։
«Մենք սկսեցինք կիրառել Սահմանադրության եւ մեր օրենքների այն դրույթները, որ քաղաքացիություն ստացած անձինք պետք է գրանցվեն զինվորական հաշվառման կանգնելու համար եւ անհրաժեշտության դեպքում մասնակցեն հատուկ ռազմական գործողությանը»,-նշել է ՌԴ Քննչական կոմիտեի նախագահը եւ ավելացրել, որ հաջողվել է «բռնել ավելի քան 30 հազարին, ովքեր քաղաքացիություն են ստացել եւ չեն ցանկացել գրանցվել զինվորական հաշվառման համար։ Նրանց գրացել ենք հաշվառման համար եւ արդեն մոտ 10 հազարին ուղարկել ենք հատուկ ռազմական գործողությունների գոտի»։
Բաստրիկինը նշել է, որ ներգաղթյալները անհրաժեշտ են թիկունքային աշխատանքների համար։
ՌԴ Քննչական կոմիտեի նախագահը ընդգծել է, որ ներգաղթյալներին աշխատանքի ընդունելիս անհրաժեշտ է առաջնորդվել ազգային անվտանգության հարցերով։ «Անհրաժեշտ է մշակել ներքին միգրացիայի գործունեության մեխանիզմ՝ արժանապատիվ երաշխիքներ տրամադրելով հայրենակիցներին՝ օգտագործելով խորհրդային անցյալի փորձը»,- հավելել է Բաստրիկինը։