Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում անվտանգության համաձայնագիր է ստորագրել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Համաձայնագիրը Կիեւին երաշխավորում է զենքի մատակարարումների եւ անվտանգության այլ աջակցության երկարաձգում:
Հանդիպման ընթացքում նաեւ անվտանգության պայմանագրեր են ստորագրվել Էստոնիայի եւ Լիտվայի հետ։
Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված համաձայնագրի ամբողջական տեքստը դեռ չի հրապարակվել։ Զելենսկին ավելի վաղ հայտնել էր, որ նոր պայմանագիրը «առաջին անգամ [Եվրամիության] անդամ բոլոր 27 երկրների համար կամրագրի Ուկրաինային լայն աջակցություն ցուցաբերելու պարտավորությունները՝ անկախ ԵՄ ներսում տեղի ունեցող ինստիտուցիոնալ փոփոխություններին»:
Նշենք, որ մինչ օրս Ուկրաինան անվտանգության երաշխիքների պայմանագրեր է կնքել եվրոպական 16 երկրների հետ։
Հունիսի կեսերին «Մեծ յոթնակի» գագաթնաժողովի շրջանակներում Զելենսկին անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ համաձայնագիր էր նաեւ ստորագրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Փաստաթուղթը նախատեսում է ռազմական համագործակցության եւ հետախուզական տվյալների փոխանակման ուժեղացում, սակայն չի պարունակում ԱՄՆ-ի կողմից Ուկրաինան պաշտպանելու համար ամերիկյան զինուժն օգտագործելու պարտավորություններ: