Մինչ Վայոց ձորի մարզում մեծ ներդրումներ են արվում խաղողագործության, գինեգործության, զբոսաշրջության զարգացման նպատակով, կրկին ակտիվացել են Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման խոսակցությունները: Այս «քնող-արթնացող» թեման տասնամյակների պատմություն ունի, բայց վերջին շրջանում շահագործման համար գործնական քայլերն ավելացել են:
Հենց այդ պատճառով էլ Թեքսարը սար պահելու եւ հանքի շահագործմանը դեմ անձանց նախաձեռնող խումբ է ստեղծվել: Այն տասներեք անդամից բաղկացած միավորում է, որում ներգրավված են մարզեցի գինեգործներ, ֆերմերներ, այգեգործներ և այլք:
Նախաձեռնող խումբը հանքի շահագործման վտանգների վերաբերյալ մեծ փաթեթ է հավաքել՝ դրանում ներառելով տասնամյակների ընթացքում մասնագետների կատարած ուսումնասիրությունները: Դրանք փոխանցվել են վարչապետին, մարզպետին, խոշորացված համայնքների վարչական կենտրոններին: «Նշված ուսումնասիրություններն ապացուցում են՝ հանքի շահագործումը բացառապես վտանգներ է ստեղծելու թե՛ համայնքների, թե՛ բնակիչների համար»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է նախաձեռնող խմբի անդամ, Եղեգնաձոր խոշորացված համայնքի բնակիչ Հայկ Իսախանյանը:
Առաջին կարեւորագույն խնդիրը վերաբերում է Վայոց ձորի ջրային պաշարին: Մի քանի գետեր ու աղբյուրներ սկիզբ են առնում Թեքսարից: Արփա-Սեւան թունելն էլ անցնում է հարակից հատվածով: Վտանգ կա, որ հանքարդյունաբերության դեպքում տարածվող ծանր մետաղները կարող են Սեւանա լիճ հասնել:
«Թեքսարը եւ հարակից բարձունքները Արփա-Եղեգիս գետերի ջրահավաք ավազանն են, որտեղից սկիզբ են առնում Վերնաշենի, Մալիշկայի, Հերհերի եւ Եղեգիսի կիրճ թափվող գետերն ու մի քանի գետակներ։ Դրանից բացի՝ Վերնաշեն, Գլաձոր, Մալիշկա, Վայք բնակավայրերի խմելու ջրի ակունքները Թեքսարի ջրահավաք ավազանում են»,-հիշեցնում է նախաձեռնող խումբը:
Վերջինս օրեր առաջ հանդիպել է Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի հետ՝ ներկայացնելով իր պահանջը: Նախաձեռնող խմբի ղեկավար Հարություն Գեւորգյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում հայտնում է՝ թեեւ հանդիպումն անցել է աշխատանքային ու կառուցողական մթնոլորտում, սակայն իրենց հարցերի պատասխանը չեն ստացել:
«Մեր պահանջը պարզ է՝ հանքի շահագործման թեմայով որոշումը չպետք է մնա ավագանու վրա: Դա այնպիսի հարց է, որի վերաբերյալ յուրաքանչյուր բնակիչ իր տեսակետը պետք է ներկայացնի: Մենք հանրաքվե ենք պահանջում ազդակիր բոլոր համայնքների բնակիչների շրջանում»,-ասում է Գեւորգյանը:
Մեր զրուցակիցը հիշեցնում է մի քանի տարի առաջ բնակիչների շրջանում հանքի շահագործման դեմ անցկացված ստորագրահավաքը, որի արդյունքում մասնակիցների գերակշիռ մեծամասնությունը՝ ավելի քան 2600 բնակիչ, դեմ էր արտահայտվել Թեքսարը հանք դարձնելուն, կողմ էր եղել մոտ 200-ը:
Այս անգամ եւս վստահ են՝ եթե ընտրությունը բնակիչներին տան, «դեմ եմ» պատասխանը միանշանակ է լինելու:
Հայկ Իսախանյանը խնդրահարույց է համարում, որ հանքի շահագործման համար դիմում են նույն մարդիկ՝ տարանուն կազմակերպություններով: «Մի ընկերություն գրանցում են, դրանով մերժում ստանում, գրանցվում այլ անունով, նորից դիմում. «ԱՍՍԱԹ», «Վայք մետալ», «Մետալ Գոլդ»: Այսպես՝ տարիներ շարունակ»:
Մեր զրուցակիցները նշում են՝ դեմ չեն հանքարդյունաբերությանը, դեմ են առանց մանրակրիտ ուսումնասիրության եւ ժողովրդի ձայնի որոշում կայացնելուն: Հետազոտություններ են անհրաժեշտ, թե ջրերի աղտոտումն իրականում ինչ ծավալների կլինի, քաղցկեղածին ինչ նյութեր են արտադրվում, զբոսաշրջության ոլորտում ինչ կլինի: Բազմակողմանի եւ երկարատեւ զննություն է պետք:
Նախաձեռնող խմբի ղեկավարը նշում է՝ հանքարդյունաբերողի առաջարկած մի քանի նախագծերը, որոնցով կարող են փոքր ներդրումներ արվել համայնքում, կարող են մոլորության մեջ գցել բնակիչներին: «Մենք պետք է հեռատես լինենք՝ հասկանալու համար, որ ընդամենը մի քանի միլիոն դրամ ներդրման խոստումով համայնքը չի «ծաղկելու»: Թողած դրական արդյունքը ոչինչ է այն ահռելի աղետների համեմատ, որոնք լինելու են, եթե հանքի շահագործման որոշում կայացվի»,-ասում է Գեւորգյանը:
Մարզեցիները կարեւորում են Վայոց ձորի ու, մասնավորապես, ազդակիր համայնքների երկարաժամկետ զարգացման ծրագրերը: «Այս տարիների ընթացքում մարզում միայն գինեգործության զարգացման համար մի քանի անգամ ավելի շատ ներդրում է կատարվել, քան կարող է եկամուտ ապահովել հանքի շահագործումը: Ամբողջ աշխարհը գնում է դեպի բիոարտադրանքի ստեղծում, էկոզբոսաշրջության զարգացում: Մեր մարզը դրա ողջ ներուժն ունի, բայց դեռ հանքի շահագործում ենք քննարկում»:
Նախաձեռնող խումբը մտահոգություններ ունի, որ հանքարդյունաբերողները կարող են զարտուղի ճանապարհներով լեզու գտնել իշխանությունների հետ, ներքին կարգով համաձայնության գալ, որից հետո ոչինչ կանգնեցնել չի ստացվի։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: