Իրանում տեղական ժամանակով ժամը 08:00-ին բացվել են երկրի արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկության ընտրատեղամասերը։ Իսլամական Հանրապետության ընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին հայտնել է, որ ընտրատեղամասերի փակումը նախատեսված է ժամը 18:00-ին, սակայն անհրաժեշտության դեպքում հնարավոր է երկարաձգել դրանց աշխատանքը։
IRIB հեռուստաալիքն էլ հայտնում է, որ ընտրատեղամասերի բացումից հետո առաջին րոպեներին քվեարկել է Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
«Ընտրությունների օրը ուրախության եւ երջանկության օր է մեզ՝ իրանցիներիս համար, մասնակցության կրկնապատկումը՝ անհրաժեշտություն է Իսլամական Հանրապետության համար։ Մենք կոչ ենք անում բոլորին լրջորեն վերաբերվել քվեարկության հարցին եւ մասնակցել այս կարեւոր քաղաքական իրադարձությանը»,-հայտարարել է Խամենեին։
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ «Իսլամական հանրապետության հզորությունը, նրա արժանապատվությունն ու պատիվը» կախված են քվեարկությանը իրանցիների մասնակցությունից։
Իրանի ներքին գործերի նախարարության ղեկավար Ահմադ Վահիդին էլ հայտարարել է որ ընտրություններում մեծ նշանակություն է տրվում անվտանգության խնդրին։ Նրա խոսքերով ընտրատեղամասերում կարգուկանոնը ապահովելու համար ներգրավված են մոտ 180 հազար իրավապահներ։
Իրանում նախագահական ընտրությունների անցկացման մասին որոշումը կայացվել է մայիսի 19-ին երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի եւ իր ուղեկիցների ուղղաթիռի կործանումից հետո։
Չնայած Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը ի սկզբանե հաստատել էր վեց քաղաքական գործիչների մասնակցությունը, այնուամենայնիվ նախագահական մրցավազքում մասնակցում են չորս թեկնածուներ։ Փոխնախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմիից հետո, ով հունիսի 26-ին հայտարարեց իր թեկնածությունը հօգուտ պահպանողականների հանելու մասին, հունիսի 27-ի նման որոշման մասին հայտարարեց նաեւ Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին։ Նա հանդես է եկել ի պահպանողական թեւի երկու հիմնական թեկնածուներ՝ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի եւ հանրապետության Անվտանգության խորհրդում հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլի պաշտպանության օգտին։ Նրանցից բացի, մրցավազքում ընդգրկված են ներքին գործերի եւ արդարադատության նախարարությունների պահպանողական նախկին ղեկավար Մոստաֆա Փուրմոհամմադին եւ բարեփոխականների ճամբարի միակ թեկնածու՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Պեզեշկիյանը։