ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ջո Բայդենի հետ բանավեճի ժամանակ, որը կազմակերպել էր CNN-ը, «անընդունելի» է անվանել Ուկրաինայում խաղաղության հաստատման պայմանները, որոնք առաջադրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Բանավեճի հաղորդավարը Թրամփին հարցրել է, թե արդյո՞ք իր համար ընդունելի են Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի պայմանները։ «Ոչ, դրանք անընդունելի են», — ի պատասխան ասել է Թրամփը:
«Եթե այս պատերազմում առաջնորդ ունենայինք․․․ Նա [Բայդենը] բոլորին միայնակ է թողել։ Նա Ուկրաինային տրամադրել է 200 միլիարդ դոլար կամ դրանից ավելին։ Դա մեծ գումար է: Չեմ կարծում, որ դրա նման եւրբեւէ, ինչ որ բան եղել է»,-ասել է ԱՄՆ նախկին նախագահը:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ն չպետք է այդքան գումար ծախսեր այս պատերազմի վրա, քանի որ այն ի սկզբանե չպետք է սկսվեր։ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, «ամեն անգամ» ժամանելով ԱՄՆ խլել է 60 միլիարդ դոլար՝ նրան անվանելով «ամենամեծ վաճավռող»։
«Բայց ես չեմ քննադատում նրան, ես ոչինչ չեմ քննադատում», — ավելացրել է Թրամփը՝ ասելով, որ ընտրվելու դեպքում Պուտինի եւ Զելենսկու միջեւ հակամարտությունը լուծելու ուղիներ կփնտրի մինչ պաշտոնը ստանձնելը։
Իր ելույթում ԱՄՆ նախկին նախագահը նշել է, որ ԱՄՆ զինվորականները Բայդենին «տանել չեն կարողանում» մի շարք պատճառներով, այդ թվում՝ 2021 թվականին Աֆղանստանից զորքերի անհաջող դուրսբերման։ Նա իրադարձությունը անվանել է «երկրի պատմության մեջ ամենամոթալի պահը» եւ հայտարարել, որ հենց այդ ժամանակ ԱՄՆ-ի անգործունակությունն է, ի թիվս այլ բաների, Ռուսաստանին դրդել ներխուժել Ուկրաինա։
«Ես երբեք այսքան անհեթեթություն չեմ լսել իմ կյանքում», — ի պատասխան ասել է Բայդենը, երբ նրան խոսք են տվել:
Հունիսի 14-ին՝ Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողովից մեկ օր առաջ, Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ՌԴ արտգործնախարարությունում, հանդես էր եկել, իր բնութագրմամբ, «եւս մեկ հստակ, իրական խաղաղության առաջարկով»։ Նա մասնավորապես առաջարկել Դոնեցկի, Լուգանսկի, Զապարոժիեի եւ Խերսոնի մարզերի վարչական սահմաններից դուրս բերվեն ուկրաինական զորքերը, իսկ Կիեւը երաշխավորի, որ Որկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին։
Վլադիմիր Զելենսկին Պուտինի «խաղաղության առաջարկը» անվանել էր «վերջնագիր, որին չի կարելի վստահել»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգն էլ հայտարարել է, որ ոչ թե Ուկրաինան, այլ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը Ուկրաինայի տարածքից, իսկ Պուտինի առաջարկը «բարի կամքի դրսեւորում չէ»։