Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի Եվրասիայի եւ Եվրոպայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հետ հանդիպմանը կրկին հայտարարել է Հայաստանի Սահմանադրության եւ այլ օրենսդրական ակտերի փոփոխության անհրաժեշտության մասին։
Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության համաձայն Բայրամովը իր խոսքում նշել է, որ Բաքուն հավատարիմ է մնում եւ շահագրգռված է խաղաղության գործընթացով։
«Չնայած նախագծի իրականացման զգալի առաջընթացին, ընդգծվել է Հայաստանի Սահմանադրության եւ այլ օրենսդրական ակտերի փոփոխության եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ շարունակվող պահանջներից հրաժարվելու կարեւորությունը»,-ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ադրբեջանի արտգործնախարարը Օ՛Բրայենին է ներկայացրել տարածաշրջանում տիրող ներկա իրադրությունը եւ Հայաստանի հետ բանակցային գործընթացը։