• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ուսուցի՛չ, արի՛ գրատախտակի մոտ

Հասմիկ Բալեյան 19:30 | 28.06.2024
Հասմիկ Բալեյան 19:30 | 28.06.2024
ուսուցիչ

Հայաստանում հանրակրթական դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգը ներդրվել է 2021 թվականին՝ որպես փորձնական ծրագիր 7-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար:

Նպատակն ուսուցիչների առարկայական գիտելիքների իմացության աստիճանի գնահատումն է, ուսուցչի դրույքաչափի փոփոխությունը եւ հավելավճարի տրամադրումը։

Կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափը 108800 դրամի փոխարեն դառնում է 200000 դրամ (մեկ դրույք զբաղվածության համար), ապա դրան գումարվում է համապատասխան հավելավճարը։

«Ուսուցիչների ատեստավորման քննությանը մասնակցել եմ 2021 թվականին՝ հենց առաջին փուլում։ Ատեստավորմանը չեմ պատրաստվել, չեմ ուսումնասիրել, թե ինչ հարցեր են լինելու։ Քննությունը նորմալ ընթացավ, ծրագրային նյութերից էին հարցերը, լավ էին կազմված։ Մոտ 30 րոպե շուտ դուրս եկա»,- պատմում է Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրի դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Վարուժան Սիմոնյանը։

Դիտարկմանը, թե որոշ ուսուցիչներ պնդում են՝ ոչ ծրագրային նյութեր կան, ուստի հնարավոր չի լինում հաղթահարել նվազագույն շեմը, Վարուժան Սիմոնյանն ասում է՝ առարկային տիրապետելու դեպքում ուսուցիչը կկարողանա հաղթահարել նվազագույն շեմը, ավելին՝ բարձր ցուցանիշներ կունենա։

ՀՀ Կառավարության հունիսի 27-ի նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց՝ ուսուցիչները բավական ժամանակ են ծախսում հարցերի պատասխանները ձեւաթղթի վրա լրացնելիս։ Ուստի, այս տարվանից ատեստավորման գործընթացը լինելու է էլեկտրոնային եղանակով։

Ատեստավորման քննության գնալիս Վարուժան Սիմոնյանը միայն մի մտահոգություն է ունեցել․ եթե համակարգիչներ կիրառեն, կդժվարանա, քանի որ հմտորեն չի օգտվում։ Բայց, տեղեկացել է՝ պատասխանները պետք է լրացնել ձեւաթղթի վրա։

«Ես շուտով 63 տարեկան կդառնամ։ Մեր սերնդի ներկայացուցիչներից ոմանք դժվարությամբ են օգտվում համակարգչից։ Իհարկե, էլէկտրոնային եղանակով քննություն հանձնելու դեպքում հնարավոր կլինի ժամանակ խնայել ու պատասխանները միանգամից համակարգչի օգնությամբ լրացնել, բայց պետք է անկեղծորեն խոստովանել, որ կան ուսուցիչներ, որոնք համակարգչից առանձնապես չեն օգտվում։ Նրանք, ովքեր առաջիկայում քննության են գնալու, պիտի նաեւ համակարգչից օգտվել սովորեն»,- ասում է Վարուժան Սիմոնյանը։

Հունիսի 27-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ատեստավորման գործընթացի մասին, պատմեց՝ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում Ներքին Խնձորեսկ գյուղում մի ուսուցիչ ատեստավորման վերաբերյալ դիտարկումներ է արել․ ատեստավորման նյութի եւ դասավանդվող առարկայի բովանդակության կապը թույլ է կամ առհասարակ կապ չկա, բացի այդ՝ քիչ ժամանակ (180 րոպե) է տրվում ատեստավորման քննության համար։

կառավարության նիստԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, սակայն, վստահեցնում է, որ ատեստավորման քննության համար նախատեսված թեստերը պետք է համապատասխանեն տվյալ առարկայի առարկայական ծրագրին, եւ դա ստուգվում է թեստերի մշակման ընթացքում։ Այնպես որ, թեստերի բովանդակությունն առարկայի ծրագրի շրջանակում է, եւ այս իմաստով նաեւ որեւէ խնդիր նախարարությունը չի արձանագրել։ Կան դեպքեր, երբ ուսուցիչներն առարկայի ծրագրին բավարար ծանոթ չեն եւ իրենց թվում է, թե որոշակի հարցեր դուրս են այդ ծրագրից: Ուսուցիչների մի մասն առնվազն դեռեւս առարկայի ծրագիրը եւ դասագիրքը հիմնականում նույնացնում է: Պետք է հասկանանք, որ դասագիրքն առարկայի ուսուցման գործիքներից մեկն է։

Ժաննա ԱնդրեասյանԳեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Չկալովկա գյուղի դպրոցի տնօրեն Նաիրա Միրաքյանը, որն աշխարհագրության ուսուցչուհի է, ասում է՝ ուսուցիչները սովորաբար ատեստավորումից խուսափում են, քանի որ կան հարցեր, որոնք հենված են միջառարկայական կապերի վրա, ոչ թե բուն առարկային են վերաբերում։ Միրաքյանն ուսումնասիրել «Աշխարհագրություն» առարկայի թեստերը եւ նկատել, որ կան հարցեր, որոնք առնչվում են «Ֆիզիկա» ու «Կենսաբանություն» առարկաներին։

«Օրինակ՝ մի այսպիսի հարց կար․ կապտականաչ ջրիմուռները աշխարհագրական ո՞ր լայնություններում, ջրի ո՞ր խորություններում են աճում եւ այլն։ Չգիտեմ՝ որքանո՞վ է ճիշտ թեստերում նման հարցեր ներառելը, չէ՞ որ նման հարց դասագրքերում չկա։ Թեստերի ու առարկայական ծրագրի անհամապատասխանության վերաբերյալ դիտարկումը միայն մենք չէ, որ անում ենք․ բազմաթիվ դպրոցներում ուսուցիչները նկատել են նման խնդիր»,- բացատրում է Չկալովկա գյուղի դպրոցի տնօրենը։

Ըստ նրա՝ ուսուցիչներից շատերը խուսափում են ատեստավորումից՝ մտածելով, որ առարկայական ծրագրից դուրս կարող են հարցեր լինել ու դրանց պատճառով, գուցե, չկարողանան նվազագույն շեմը հաղթահարել, իսկ փոքր համայնքներում դա խոսակցության թեմա կարող է դառնալ։ Չկալովկայի դպրոցում միայն ֆիզիկայի ուսուցիչն է ատեստավորվել։

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի դպրոցում ատեստավորված ինը ուսուցիչ կա։ Ուսուցիչները բավական բարձր միավորներ են հավաքել։ Դպրոցի տնօրեն Գոհար Ենգոյանը շուտով անցնելու է վաստակված հանգստի, եւ այլեւս չի աշխատելու դպրոցում, ուստի որոշել է չատեստավորվել։

«Մեր ուսուցիչները գոհ էին ատեստավորման ընթացքից։ Ծրագրից դուրս հարցեր չէին նկատել, ավելին՝ ասացին՝ եթե ուսուցիչն առարկային տիրապետի, վսահաբար հաջողությամբ կհանձնի քննությունը»,- պատմեց Գոհար Ենգոյանը։

Երեւանի համար 190 ավագ դպրոցի «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի ուսուցչուհի Լիլիթ Պետրոսյանն ատեստավորվել է 2023 թվականի սեպտեմբերին։ Քննության գնալիս ուսումնասիրել է ուղեցույցը, պատրաստվել։ Բարձր միավոր է ստացել եւ այժմ ավելի բարձր է վարձատրվում։

ԱտեստավորումԼիլիթ Պետրոսյանը թեստերում ուսումնական ծրագրից դուրս հարցեր չի նկատել, բայց… «Կան առաջադրանքներ, որոնք պարզ են, բայց դրանց կատարման համար այնքան ժամանակ է ծախսվում, որ ուսուցչին հոգնեցնում է։ Օրինակ՝ տրված է տեքստ, եւ դրա վերաբերյալ ինը հարց կա։ Անհրաժեշտ է պարբերաբար տեքստը կարդալ, գտնել հաջորդ հարցի պատասխանը։ Ընդ որում, կար մի քանի նման հարց»,- բացատրում է Լիլիթ Պետրոսյանը։

Այսուհանդերձ, նա վստահ է՝ առարկային տիրապետողը կկարողանա հաղթահարել գոնե նվազագույն շեմը։ Դպրոցը, որտեղ նա է դասավանդում, ուսուցիչների կեսից ավելին արդեն ատեստավորվել է։

Ատեստավորման արդյունքն իմանալուց հետո ուսուցիչը գնահատականի վերաբերյալ անհամաձայնություն ունենալու պարագայում կարող է բողոքարկել։ Թեստերում կան հարցեր, որոնց պատասխանը միանշանակ չէ։ Արձանագրվել են դեպքեր, երբ ուսուցչի բողոքարկումից հետո ատեստավորման միավորը բարձրացվել է։

ուսուցիչՎիճակագրություն

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021-2022 ուսումնական տարում Հայաստանի հանրակրթական դպրոցներում դասավանդել է 30 253 ուսուցիչ։ Մեր երկում 2021-ից մեկնարկած՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման համար 2023 թվականին հայտ է ներկայացրել 6321-ը, որից գործընթացին մասնակցել է 4326-ը (կամ ՀՀ ուսուցիչների ընդհանուր թվի 14,7 %-ը), ատեստավորվել է 2976-ը:

ատեստավորում
2022-ին կամավոր ատեստավորվել է 2333 ուսուցիչ։

2021-ին կամավոր ատեստավորմանը մասնակցել է 996 ուսուցիչ։

2023-ին ատեստավորմանն ամենաշատը մասնակցել են «Հայոց լեզու» առարկան դասավանդող ուսուցիչները` 564 անձ: Առաջին եռյակում են նաեւ «Մաթեմատիկա» (471) անձ եւ «Տարրական մանկավարժություն եւ մեթոդիկա» (446 անձ) առարկաների ուսուցիչները։ Բացի ատեստավորումից՝ ուսուցիչներին նաեւ որակավորման տարակարգ է շնորհվում, եւ 2023-ին նրանց թիվը եղել է 109։

Ատեստավորելիս ի՞նչ արդյունք պետք է ցուցաբերի ուսուցիչը, որպեսզի նրա աշխատավարձն ավելանա

Տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճարը տրվում է հետեւյալ կերպ.

1) 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, դրույքաչափը փոխվում է՝ սահմանվելով 200000 դրամ, տրվում է նաեւ հավելավճար՝ աշխատավարձի 50 տոկոսի չափով.

2) 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, դրույքաչափը փոխվում է՝ սահմանվելով 200000 դրամ, տրվում է նաեւ հավելավճար՝ աշխատավարձի 40 տոկոսի չափով.

3) 70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, դրույքաչափը փոխվում է՝ սահմանվելով 200000 դրամ, տրվում է նաեւ հավելավճար՝ աշխատավարձի 30 տոկոսի չափով.

4) 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, դրույքաչափը փոխվում է՝ սահմանվելով 200000 դրամ, հավելավճար չի տրվում։

Ատեստավորումն անցած ուսուցիչներին հավելավճար տրվում է 5 տարի ժամկետով։ Եթե անգամ ուսուցիչը փոխի աշխատավայրը՝ աշխատանքի անցնելով մեկ այլ դպրոցում, այդուամենայնիվ, ստանալու է հավելավճարը։

Ատեստավորվելիս անբավարար միավոր ստանալու դեպքում ուսուցիչը պետք է վերաատեստավորվի մեկ տարվա ընթացքում։

Նման դեպքերում «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան՝ կազմակերպվում է առարկայական պարտադիր վերապատրաստում, որպեսզի ուսուցիչը կարողանա երկրորդ անգամ բարեհաջող հանձնել ատեստավորման քննությունը: Երկրորդ տարում վերաատեստավորումը չանցնելու դեպքում ուսուցիչն ազատվում է աշխատանքից՝ համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 13-րդ մասի:

Ատեստավորմանն առանց այն էլ քիչ ուսուցիչեր են մասնակցում, բայց նրանցից ոմանք նվազագույն շեմը հաղթահարել չեն կարողանում։ 2022 թվականին 30253 ուսուցչից միայն 2329-ն է կամավոր մասնակցել ատեստավորման գործընթացին․ նրանցից 776-ը չի հաղթահարել 60 տոկոսի շեմը։ Առաջիկայում տեղի կունենա ատեստավորման նոր փուլ՝ արդեն էլեկտրոնային եղանակով։ «Ալիք Մեդիա»-ն հետամուտ է լինելու թեմային՝ փորձելով պարզել՝ ի՞նչ արդյունքներ են ցուցաբերել ուսուցիչները, որքանո՞վ է արդյունավետ քննության նոր կարգը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Փաշինյանը Ալիեւի ազդեցության տակ է, նա ՀՀ-ին տանում է նոր պատերազմի
հաջորդը
Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուներից ոչ ոք չի հաղթահարել 50 %-ի շեմը․ երկրորդ փուլով կպայքարեն Փեզեշքիանն ու Ջալիլին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն