Իրանի արտահերթ նախագահական ընտրություններում չորս թեկնածուներից որեւէ մեկին չի հաջողվել հաղթահարել 50 %-ի շեմը։ Արդյունքում կանցկացվի երկրորդ փուլ, որը նախատեսված է հուլիսի 5-ին։ Նախօրեին տեղի ունեցած քվեարկությունների արդյուքնով ռաջատար են բարեփոխումների կողմնակից Մասուդ Փեզեշքիանը եւ կոշտ գծի կողմնակից Սաիդ Ջալիլին, հայտնում է IRNA գործակալությունը։
Առաջին փուլի արդյունքներով Փեզեշքիանը ստացել է 43,5 % կամ 10,4 միլիոն ձայն, Ջալիլին՝ գրեթե 37,7 % կամ 9,5 միլիոն ձայն։ Նրանց մրցակիցները՝ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը եւ շիա հոգեւորական Մոսթաֆա Փուրմոհամմադին, ստացել են համապատասխանաբար 13.78% (կամ 3,4 մլն) եւ 0.84% (կամ 0,2 մլն) ընտրողների քվե:
Նախագահական ընտրություններում քվեարկելու իրավունք ուներ ավելի քան 61 միլիոն իրանցի։ Մասնակցությունը, ինչպես եւ նախորդ ընտրությունների դեպքում էր, եղել է ռեկորդային ցածր՝ 49%։
Նշենք, որ արտահերթ ընտրությունները նշանակվել են 2024 թվականի մայիսին՝ ավիավթարի հետեւանքով Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի եւ նրանց ուղեկցող այլ անձանց մահվանից հետո։