Կիրակի օրը Ֆրանսիայում տեղի ունեցավ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, ըստ նախնական հարցումների առաջատարը Մարին Լը Պենի եւ Ջորդան Բարդելի «Ազգային միավորում» դաշինքն է, որը հավաքել է ձայների շուրջ 34%-ը։
Երկրորդ տեղում ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքն է՝ 28,1 տոկոսով, իսկ երրորդում՝ նախագահ Էմանուել Մակրոնի կենտրոնամետ «Միասին» դաշինքը 20,3 տոկոսով։
Հունիսի 30-ի առաջին փուլից հետո յուրաքանչյուր ընտրատարածքի առաջին երկու հաղթած թեկնածուները անցնում են երկրորդ փուլ, իսկ որոշ դեպքերում կարող է անցնել նույնիսկ երրորդ թեկնածուն՝ բավարար ձայներ ստանալու դեպքում:
Երկրորդ փուլը կանցկացվի հաջորդ կիրակի։
Ֆրանսիական BFM հեռուստաալիքը մեջբերելով Elabe սոցիոլոգիական ինստիտուտի վերլուծությունները նշում է, որ «Ազգային միավորումը» կարող է բացարձակ մեծամասնություն ստանալ երկրորդ փուլում։ Ըստ այս գնահատականի՝ կուսակցությունը կարող է ստանալ 260-ից մինչեւ 310 մանդատ, մինչդեռ մեծամասնության պատգամավորների համար նախատեսված է 289 տեղ:
Միեւնույն ժամանակ, Նոր ժողովրդական ճակատը կարող է ստանալ 115-ից 145 մանդատ, իսկ նախագահամետ կոալիցիան՝ «Միասինը»՝ 90-ից 120 մանդատ։
Եթե նման կանխատեսումները իրականություն դառնան, ապա Ֆրանսիան՝ ԵՄ առաջատար երկրներից մեկը, կարող է գլխավորել աջ պոպուլիստների կառավարությունը։
Elabe-ի գնահատմամբ՝ ընտրությունների առաջին փուլում մասնակցությունը կազմել է 67,5%, ինչը զգալիորեն գերազանցում է 2022 թվականի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում գրանցված 47,51%-ը։
Ընտրություններից հետո կողմնակիցների առաջ ունեցած ելույթի ժամանակ Լը Պենը հայտարարել էր․ «Ժողովրդավարությունը ասել է իր խոսքը, եւ ֆրանսիացիները առաջին տեղում դրեցին «Ազգային միավորմանը» եւ իր դաշնակիցներին՝ փաստացի ոչնչացնելով Մակրոնի ճամբարը։ Մեզ բացարձակ մեծամասնություն է պետք, որպեսզի մեկ շաբաթվա ընթացքում Ջորդան Բարդելլան նշանակվի վարչապետ»:
Նախագահ Մակրոնը նույնպես դիմել է ընտրողներին՝ կոչ անելով հաջորդ կիրակի աջակցել «հանրապետական եւ դեմոկրատական» թեկնածուներին։
Ֆրանսիայի Ազգային ժողովը ցրելու եւ արտահերթ օրենսդրական ընտրություններ նշանակելու մասին Մակրոնը հայտարարել էր հունիսի 9-ին կայացած Եվրախորհրդարանի ընտրություններում աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության Ֆրանսիայում բացարձակ հաղթանակից հետո։