Ինչպես 2022 թվականի, այնպես էլ 2023-ի Գյումրի համայնքի բյուջեի ամփոփ ցուցանիշները եւ տարեկան աշխատանքային պլանի վերլուծությունը կրկին հուսադրող չէ:
Անհամապատասխանություններ կան ինչպես Գյումրու հնգամյա զարգացման, այնպես էլ տարեկան բյուջեի պլանավորման եւ ծախսերի միջեւ:
«Քաղաքացիական մասնակցություն տեղական ինքնակառավարման հաշվետվողականությանը» ծրագրի շրջանակում «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակական զարգացման կենտրոնը վերլուծություն է իրականացրել, ներկայացրել հանրությանը: Ծրագրին աջակցել է Ժողովրդավարության ազգային հիմնադրամը:
Փորձագիտական թիմը հորդորում է համայնքապետարանին, որ զարգացման ծրագիրը կազմեն քաղաքի եւ քաղաքացու կարիքներից բխող տրամաբանությամբ, ո՛չ թե պատահականության սկզբունքով: Միայն երկարաժամկետ փոփոխություններ եւ արժեք ստեղծելու տրամաբանությամբ կազմված բյուջեն կատարելիս հաջորդ տարի քաղաքացու հոգսը կթեթեեւանա, քաղaքը՝ կզարգանա:
Առաջին՝ մտահոգիչ խնդիրը փորձագետները համարում են այն, որ համայնքի եկամուտի կեսից ավելին՝ 58 տոկոսը ձեւավորվում է պաշտոնական դրամաշնորհներից, ինչի պատճառով քաղաքը կախված է դրսից հատկացվող գումարներից:
Հարկերից ու տուրքերից գոյացող գումարը կազմում է ընդհանուր բյուջեի ընդամենը 26 տոկոսը, ինչն ըստ ուսումնասիրողների՝ ազդակ է, որ համայնքապետարանը քաղաքի ռեսուրսներից չի կարողանում օգտվել:
Իսկ ինչպե՞ս է ծախսվում համայնքի սուղ բյուջեն: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ծրագրի փորձագետ Լուսյա Գալոյանը փաստահեն, բայց զարմանալի հայտարարություն է անում. Գյումրի քաղաքի տարեկան բյուջեի ուղիղ կեսը բաժին է հասնում հանգստի, մշակույթի, կրոնի եւ կրթության ոլորտին: Փորձագետն ասում է՝ մեծ հաշվով պարսավելի չէր լինի, որ նման կարիքներին այսքան մեծ գումարներ հատկացվեին, եթե Գյումրին չլիներ սոցիալական եւ տնտեսական բազում խնդիրների մեջ: «Սուղ միջոցների կեսը հատկացնել ամենաաղքատ մարզի մարզկենտրոնում կազմակերպվող միջոցառումներին, մեղմ ասած, ճոխություն է: Դա նման է մեծ խնդրի առաջ կանգնած մարդուն մի բաժակ սառը ջուր տալուն: Միջոցառումը շոշափելի արդյունք չի ստեղծում, թող լինեն, բայց ո՛չ առաջնային»:
Ըստ փորձագետի՝ միջոցները պետք է հիմնականում ուղղել քաղաքի տնտեսական, սոցիալական հարցերին, որ դրանց արդյունքում ներդրումներ անելը ձեռնտու լինի, քաղաքում ապրելն էլ՝ գրավիչ:
Գալով սոցիալական ծրագրերին, փորձագիտական թիմը, կրկին զարմանքով արձանագրում է, որ այդ ոլորտում թերակատարումներ կան: Բավականին ցածր կատարողական է գրանցվել շինարարական եւ կոմունալ աշխատանքներում: Սուր արտահայտված բնակկոմունալ խնդիրներ ունեցող քաղաքում թերակատարվում է հե՛նց այս ոլորտը:
Նախորդ տարվա համեմատ պակասել է նաեւ սոցիալական աջակցությանն ուղղված բյուջեն: Համայնքապետարանից պատճառաբանում են, որ աջակցություն ստանալու համար դիմումներն են պակասել: Եթե մարդ չափից շատ լավատես չլինի, կմտածի, սոցիալական վիճակն է բարելավվել քաղաքում, տրամադրվող աջակցության կարիքը՝ նվազել, բայց իրականում հազարավոր տնակաբնակ եւ 4-րդ կարգի վթարայիններում ապրող քաղաքացիները չեն կարող աջակցության կարիք չունենալ: Այդ դեպքում, ինչո՞ւ են պակասել դիմողները. փորձագետներն ասում են՝ վստահություն չունեն, որ աջակցությունը կստանան ըստ նշված կարիքի գնահատմնան եւ ժամանակին:
Այսքան թերությունների մեջ թիմն արձանագրել է, որ գերակատարված ճյուղ ունեք քաղաքում՝ տնտեսական հարաբերություններին ուղղված ոլորտում: Սակայն կոչ են անում ժամանակից շուտ չուրախանալ. նկատի են ունեցել ձեռնարկատիրություն իրականացնող սուբեկտների թվաքանակի աճը: «Սա չի նշանակում ձեռնարկատիրական գործունեության եւ տնտեսական աճ: ՍՊ ընկերությունների եւ ԱՁ-ների քանակը կարող է աճել, բայց տնտեսական ակտիվության հետ ոչ մի կապ չունենալ»,-ասում է ծրագրի փորձագետը:
Թե ինչքան ժամանակ է համայնքապետարանը քաղաքացուն թողնելու «մեկ բաժակ սառը ջրի» հույսին, պարզ չէ, բայց որ քաղաքը ճիշտ կառավարելու կոչեր անող քաղաքացու համբերության բաժակը լցվել է այդ նույն ջրով, արդեն պարզ է:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։