Ռուսական ռազմական ինքնաթիռները 12 ամիսների ընթացքում՝ 2023 թվականի ապրիլից մինչեւ 2024 թվականի ապրիլ, Բելգորոդի շրջանի վրա պատահաբար 38 ռումբ են նետել։ Այս մասին գրում է Washington Post-ը՝ հղում կատարելով ՌԴ Աարտակարգ իրավիճակների նախարարության Բելգորոդի շրջանի մասնաճյուղից ուկրաինական հետախուզության ստացած փաստաթղթի տվյալներին, որի հետ լրագրողներին հաջողվել է ծանոթանալ։
Փաստաթղթի համաձայն՝ չորս արկ ընկել է հենց Բելգորոդ վրա, եւս յոթը՝ քաղաքի հարակից հատվածներում։
Նշվում է, որ ընկած արկերի մեծ մասը չի պայթել եւ հետագայում հայտնաբերվել են տեղի բնակիչների կողմից:
Ռուսական «Astra» պարբերականը պարբերաբար սեփական հաշվարկներ է հրապարակում Ռուսաստանում եւ Ռուսաստանի կողմից վերահսկվող Ուկրաինայի տարածքներում ընկած ռումբերի քանակի վերաբերյալ: Հուլիսի 1-ի հրապարակման համաձայն՝ վերջին չորս ամիսների ընթացքում նման 119 դեպք է գրանցվել։
Նման միջադեպերի մասին ռուսական իշխանությունները միայն մի քանի անգամ են պաշտոնապես հաստատել։ Սովորաբար նման հայտարարությունները հաջորդում են այն ավերածությունների մասին տեղեկություններին, որոնք դժվար է վերագրել Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծմանը։