Հայաստանն ու Ադրբեջանն կարող են ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի տեքստի աշխատանքները մի քանի ամսվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ընդունելով երկրում Կանադայի նոր դեսպան Քեւին Համիլթոնի հավատարմագրերը։
«Կարծում եմ՝ մի քանի ամսվա ընթացքում մենք կարող ենք վերջնական տեսքի բերել խաղաղության պայմանագրի տեքստը, գոնե դրա հիմնական սկզբունքները։ Նշեմ, որ օկուպացիայի ժամանակ [ԵԱՀԿ Մինսկի խմբի] միջնորդների ծրագիրը ենթադրում էր համաձայնություն հիմնական սկզբունքների շուրջ, որոնք կոչվում են Մադրիդյան սկզբունքներ։ Դրանք պետք է նախաստորագրվեին, իսկ հետո կազմվեր տեքստերը։ Մենք կարծում ենք, որ դա կարող է տարբերակ լինել․ համաձայնեցնել հիմնական սկզբունքները, նախաստորագրել դրանք, ապա աշխատել [խաղաղության պայմանագրի] տեքստի վրա»,-ասել է Ալիեւը, ում խոսքերը մեջբերվում են նախագահականի կայքէջում։
Միաժամանակ, Ադրբեջանի նախագահը կրկին բարձրացրել է Հայաստանի ահամանդրության փոփոխության հարցը եւ կրկին նշել, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն այդ դեպքում։
«Խաղաղության համաձայնագրի [ստորագրման] հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, քանի որ այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Եվ քանի դեռ այս [փոփոխությունը] տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի»,-նշել է Ալիեւը։