Վարձու աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր չկնքելու դեպքերը մեր երկրում բավական շատ են։
Պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ է ացկացնում օրինախախտ գործատուներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար, բայց դրանից խախտումների թիվը չի պակասում։
«Տուրիստական գործակալությունում որպես մենեջեր՝ աշխատանքի էի անցել։ Սկզբում ասացին՝ շուտով աշխատանքային պայմանագիր կկնքեն, բայց անընդհատ հետաձգում էին։ Մի քանի ամիս առանց գրանցվելու աշխատեցի, հետո որոշեցի հեռանալ այդ ընկերությունից»,- պատմում է Հռիփսիմե Հակոբյանը։
Նախկինում նա այլ գործակալությունում աշխատել է աշխատանքային պայմանագրով, ուստի անընդունելի է եղել, որ աշխատի առանց պայմանագրի։ Հիմա Հռիփսիմեն նոր աշխատանք է որոնում։ Նա գիտի՝ դժվար կլինի գտնել նոր աշխատանք՝ նորմալ աշխատավարձով ու աշխատանքային պայմանագիր ունենալու պայմանով, բայց վստահ է՝ ավելի լավ է այդ դժվարությունը հաղթահարել, քան ամիսներով ու տարիներով աշխատել առանց պայմանագրի։
Քրիստինե Միրզոյանն էլ ատամնաբուժարանում որպես ադմինիստրատոր է աշխատել՝ առանց աշխատանքային պայմանագրի։ Որոշ ժամանակ անց այլ ընկերությունից աշխատանքային առաջարկ է ստացել ու փոխել աշխատանքը։
«Գործատուներից շատերը աշխատանքի անցնողին ասում են՝ պետք է փորձաշրջան անցնես ու գոնե այդ ժամանակահատվածում խուսափում են աշխատանքային պայմանագիր կնքելուց։ Վատագույն դեպքում փորձաշրջանից հետո էլ չեն գրանցում։ Բնականաբար, գիտեի, որ իմ իրավունքը խախտվում էր, բայց ես աշխատանքի կարիք ունեի։ Մտածում էի՝ որոշ ժամանակ աշխատել, մինչեւ ավելի լավ աշխատանք կգտնեի։ Ցավոք, աշխատանք գտնելն այնքան էլ հեշտ չէ, ու գործատուներն, այս մասին իմանալով, հաճախ են խախտում աշխատողի իրավունքները»,- ասում է Քրիստինեն։
Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականի փետրվարին վարձու աշխատողի չձեւակերպելու դեպքեր արձանագրվել են 77 հարկ վճարողի մոտ, տուգանքի չափը կազմել է 45 750 մլն դրամ։
Մարտին այս օրինախախտումն արձանագրվել է 70 հարկ վճարողի մոտ, տուգանքի չափն ընդհանուր առմամբ կազմել է 34 750 մլն դրամ։ Ապրիլին աշխատողի չձեւակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 98 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 55.250 մլն դրամ:
2024 թվականի մայիսին վարձու աշխատողի չձեւակերպման դեպքեր արձանագրվել են 84 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 59.250 մլն դրամ:
Դեպքերն արձանագրվել են հետեւյալ ոլորտներում՝ շինարարություն, կացության կազմակերպում, հանրային սննդի պատրաստում եւ իրացում, հանդիսությունների սրահում տրամադրվող ծառայություններ, մթերային խանութներ, հեղուկ եւ կոշտ վառելիքի առեւուր, ավտոտեխսպասարկման եւ (կամ) ավտոլվացման ծառայություններ, հագուստի, կոշիկի եւ գործվածքների առեւտուր, շահումով խաղեր։
Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն՝ 2021 թվականին 1163 հարկ վճարողի մոտ 1188 դեպքով հայտնաբերվել է 2200 չգրանցված աշխատող, 2022-ին՝ 1437 հարկ վճարողի մոտ 1441 դեպքով 2326 չգրանցված աշխատող։
Աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ աշխատողի եւ գործատուի միջեւ աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:
Հարկային օրենսգրքի 412-րդ հոդվածով յուրաքանչյուր չձեւակերպված վարձու աշխատողի համար գործատուից գանձվում է 250 000 դրամի չափով տուգանք:
Գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող Հայաստանում վարձու աշխատողները երբեմն նախընտրում են լռել, երբ խախտվում են իրենց աշխատանքային իրավունքները։ Հակառակ դեպքում կարող են գործազուրկ դառնալ, նոր աշխատանք գտնելն էլ հեշտ չէ։
Մեր երկրում զբաղվածության պետական ծառայությունում գրանցված գործազուրկների (աշխատանք փնտրող) պաշտոնական թիվը 2023 թվականի հոկտեմբերի վերջին կազմել է 47 142, որը կազմում է երկրի ամբողջ աշխատուժի մոտ 3,4 տոկոսը:
Ընդ որում, գործազրկության պաշտոնական ցուցանիշը Հայաստանում ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրների շարքում։
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի եւ Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի՝ գործատուն պարտավորվում է յուրաքանչյուր գրանցված աշխատողի աշխատավարձից եւ դրան հավասարեցված այլ վճարումներից հաշվարկել, պահել եւ պետական բյուջե փոխանցել (ըստ աշխատավարձի չափի) եկամտային հարկ (20%), սոցիալական վճար (5%), դրոշմանշային վճար։ Աշխատանքային պայմանագիր չկնքող գործատուն՝ որպես հարկային գործակալ, չի կատարում իր հարկային պարտավարությունները եւ աշխատողի իրավունքներն է ոտնահարում։
Աշխատողի հետ պայմանագիր չկնքելու դեպքերից բացի՝ գործատուները երբեմն առաջարկում են պայմանագիր կնքել, բայց իրական աշխատավարձի չափը նշելու փոխարեն ավելի փոքր գումար է գրանցվում (համեմատաբար քիչ հարկեր վճարելու նպատակով)։
Փաստաբան Կարինե Լալաբեկյանը վստահ է՝ գործատուները հաճախ խուսափում են աշխատանքային պայմանագրեր կնքելուց, քանի որ մեր երկրում հարկերը բարձր են։ Որոշ գործատուներ մտածում են՝ ավելի լավ է մեկ անգամ տուգանվել, քան ամեն ամիս այդ հարկերը վճարել։
«Վերջին շրջանում մի դրական միտում եմ նկատել․ շատ քաղաքացիներ չեն ցանկանում առանց աշխատանքային պայմանագրի աշխատել։ Գրանցված աշխատանքը եկամտային հարկից օգտվելու լայն հնարավարություններ է տալիս․ շատերը եկամտային հարկի վերադարձի միջոցով, հիփոթեքային վարկերով բնակարան են գնում։ Բացի այս՝ գրանցված աշխատանք ունենալու դեպքում կարելի է ունենալ նաեւ ապահով ծերություն՝ համեմատաբար բարձր կենսաթոշակով»,- բացատրում է փաստաբանը։
Շատ աշխատողներ աշխատանքի ընդունվելիս համաձայնում են մի քանի ամիս աշխատել առանց աշխատանքային պայմանագրի։ Բայց, գործատուները, սովորաբար, մի քանի ամիս հետո դարձյալ խուսափում են աշխատանքային պայմանագիր կնքելուց։ Նման դեպքերում որոշ աշխատողներ դիմում են Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմին՝ հայտնելով, որ աշխատում են առանց աշխատանքային պայմանագրի կամ պայմանագրում նշված աշխատավարձի չափը չի համապատասխանում աշխատավարձի իրական չափին։ Այնուհետեւ տեսչական մարմինն իրականացնում է ստուգում ու պարզում, թե ինչ իրավախախտումներ է կատարել գործատուն։
Նրանց, ովքեր աշխատում են առանց աշխատանքային պայմանագրի, փաստաբանը կոչ է անում դիմել տեսչական մարմին ու վերականգնել ոտնահարված իրավունքները։
Փաստաբանը վստահ է՝ եթե հարկային քաղաքականությունը վերանայվի, հարկերը փոքր-ինչ նվազեցվեն, այս խնդիրը հնարավոր կլինի որոշակիորեն հաղթահարել․ գործատուները կնախընտրեն տուգանվելու ռիսկից խուսափել ու աշխատանքային պայմանագիր կնքել։ Այլապես, այսչափ բարձր հարկերի առկայության դեպքում որքան էլ պետական մարմինները ստուգումներ կատարեն, միեւնույն է, անբարեխիղճ գործատուները ջանալու են թաքցնել եկամուտները, չգրանցել աշխատողներին, խուսափել հարկերից՝ մտածելով՝ ավելի լավ է մեկ անգամ տուգանվել, քան ամեն ամիս հարկեր վճարել։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։