Եվրոպայում աջակողմյան կուսակցությունների դիրքերի ամրապնդման եւ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակի ֆոնին ՆԱՏՕ-ի անդամ երկրները մի շարք միջոցառումներ են պատրաստել՝ ուղղված Ուկրաինային երկարաժամկետ աջակցությանը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով բարձրաստիճան աղբյուրներից ստացած տեղեկատվությանը։
Մասնավորապես, դաշինքը մտադիր է Ուկրաինա ուղարկել բարձրաստիճան քաղաքացիական պաշտոնյայի, որը պատասխանատու կլինի ռազմական մատակարարումների համակարգման համար։ Բացի այդ, ՆԱՏՕ-ն նախատեսում է նոր հրամանատարություն ստեղծել գերմանական Վիսբադեն քաղաքում, որը կհամակարգի ռազմական տեխնիկայի եւ սպառազինության մատակարարումը, ինչպես նաեւ ուկրաինական զինված ուժերի վերապատրաստումը։
Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ-ից եւ դաշինքի այլ երկրներից մոտ 700 զինվորական կներգրավվի «ՆԱՏՕ՝ անվտանգության եւ Ուկրաինային ուսուցման աջակցություն» կոչվող գործողությանը։ Նրանք իրենց վրա կվերցնեն այն աշխատանքի մեծ մասը, որն անում էին ԱՄՆ զինված ուժերը այն պահից, երբ ռուսական բանակը սկսեց իր լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա:
ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Իվո Դաալդերը բացատրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ինքն է այժմ պատասխանատու Ուկրաինային օգնություն տրամադրելու համար։ «Այնպես որ, եթե նույնիսկ ԱՄՆ-ն որոշի կրճատել կամ դադարեցնել այդ ջանքերին ուղղված աջակցությունը, դրանք միեւնույնն է չեն անհետանա», — ավելացրել է Դաալդերը:
Նման միջոցների մշակումը սկսվել են մի քանի ամիս առաջ, սակայն, ինչպես նշում է պարբերականը, դրանք առանձնակի արդիականություն են ձեռք բերել Թրամփի հետ հեռուստաբանավեճում նախագահ Ջո Բայդենի թույլ ելույթից հետո։
Ակնկալվում է, որ Ուկրաինային աջակցելու նոր միջոցառումների մասին կհայտարարվի դաշինքի առաջիկա գագաթնաժողովում, որը կանցկացվի Վաշինգտոնում հուլիսի 9-11-ը։
Նշենք, որ ԱՄՆ-ում հունիսի 27-ին տեղի էր ունեցել Ջո Բայդենի եւ Դոնալդ Թրամփի առաջին բանավեճը, որը որոշ գնահատականներով գործող նախագահը ձախողել էր։ Դրանից հետո Բայդենի որոշ կողմնակիցներ կարծիք հայտնեցին, որ նա պետք է դուրս գա ընտրություններից, սակայն նախագահի շտաբից հայտարարեցին, որ նա չի հրաժարվի ընտրապայքարից։
Բանավեճից առաջ էլ Reuters-ը հայտնել էր, որ նախկին նախագահի երկու առանցքային խորհրդականները նրան ներկայացրել են Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ծրագիր, ինչին Թրամփը «դրական արձագանք է տվել»։ Այդ ծրագիրը ենթադրում էր Կիեւին զրկել Վաշինգտոնի ռազմական օգնությունից, եթե վերջինս Մոսկվայի հետ խաղաղության բանակցություններ չսկսի։ Միաժամանակ ծրագրում նաեւ նշվել է, որ ԱՄՆ-ն կզգուշացնի Ռուսաստանին, որ բանակցություններից հրաժարվելը կհանգեցնի Ուկրաինային ամերիկյան աջակցության ավելացմանը։ Դրանում նաեւ ընդգծվում էր, որ խաղաղության բանակցությունների ընթացքում կողմերը հրադադարի շուրջ պետք է համաձայնության գան՝ հիմնված «առկա ռազմաճակատի» գծի վրա։
Անձամբ Թրամփը, բազմիցս է հայտարարել, որ նախագահ ընտրվելու դեպքում «24 ժամում» կավարտի Ուկրաինայի պատերազմը։