Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական եւ Իսլամական Հանրապետության միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին կրկին հայտարարել է, որ Թեհրանը կարող է վերանայել իր միջուկային դոկտրինը գոյության սպառնալիքի դեպքում:
Ինչպես նա ընդգծել է բրիտանական Financial Times պարբերականին տված հարցազրույցում, Իրանը «դեմ է միջուկային զենքի ստեղծմանը», եւ երկրում գործում է Խամենեիի ֆեթվան (իսլամական իրավունքից բխեցրած գնահատականը), որ ատոմային ռումբի ստեղծումը հակասում է իսլամին: Միեւնույն ժամանակ, եթե Թեհրանը բախվի էկզիստենցիալ սպառնալիքի, «բնականաբար, նա ստիպված կլինի փոխել իր դոկտրինան», — հավելել է առաջնորդի խորհրդականը։
Խարազին մայիսին Քաթարի «Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին ասել էր, որ «եթե Իրանի գոյությանը վտանգ սպառնա, ապա [Թեհրանը] այլ ելք չի ունենա, քան փոխել իր ռազմական դոկտրինը»:
Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, ի պատասխան պաշտոնյայի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին, ընդգծել է, որ Իրանի միջուկային դոկտրինը չի փոխվել, եւ Թեհրանը բազմիցս է ասել, որ դեմ է զանգվածային ոչնչացման զենքի արտադրությանն ու տարածմանը։
Financial Times-ի հետ հարցազրույցում, խոսելով Իրանի միջուկային գործարքի եւ 2018 թվականին դրանից ԱՄՆ-ի դուրս գալու հետեւանքների մասին, Խարազին նշել է, որ եթե Արեւմուտքը գործադրի շտապ մեխանիզմ, որը ենթադրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր պատժամիջոցների վերականգնում Թեհրանի դեմ՝ կապված նրա միջուկային ծրագրի հետ եւ 2015 թվականի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պայմանների չեղարկում, ապա «կհետեւի Իրանի կոշտ արձագանքը միջուկային ռազմավարությունը փոխելու առումով»։
Քաղաքական գործիչը հավելել է, որ «մինչ այսօր Իրանը չի ավելացրել ուրանի հարստացումը 60%-ից բարձր», մինչդեռ «տարբեր սարքավորումներ է օգտագործել իր փորձն ընդլայնելու համար»։