Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Կիեւ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններ վարելու համար։ Հունգարիայի առաջնորդի՝ Ուկրաինային արեւմտյան ռազմական օգնության ականավոր քննադատի, ուղեւորությունը առաջինն է պատերազմի սկզբից ի վեր եւ տեղի է ունեցել ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահությունը ստանձնելուց մեկ օր անց:
«Հունգարիայի նախագահության նպատակն է նպաստել Եվրամիության առջեւ ծառացած խնդիրների լուծումներ գտնելուն։ Այս պատճառով ես կատարում եմ իմ առաջին այցը Կիեւ»,-ֆեյսբուքում գրել է Օրբանը։
Նա արդեն հանդիպել է նախագահ Զելենսկու հետ։
Ավելի վաղ Օրբանի մամուլի ծառայության ղեկավար Բերտալան Հավասին Magyar Nemzet թերթին ասել էր, որ Զելենսկին եւ Օրբանը կքննարկեն պատերազմի ավարտի հեռանկարները։
«Քննարկման ամենակարեւոր թեման խաղաղության հասնելու հնարավորությունն է։ Վիկտոր Օրբանը եւ Վլադիմիր Զելենսկին կքննարկեն նաեւ հունգարա-ուկրաինական երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցերը»,- ասել է Հավասին։
Սպասվում է, որ երկու առաջնորդներն էլ պաշտոնական հայտարարություններ կանեն հանդիպումներից հետո:
Հիշեցնենք, որ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներից Օրբանը ամենաշատն է քննադատել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, ինչպես նաեւ հրաժարվել է աջակցել ԵՄ-ին նրա անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի համար։
Օրբանը նաեւ այն քիչ եվրոպացի ղեկավարներից է, ով պատերազմի մեկնարկից հետո հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: