Իսրայելի բարձրագույն ռազմական ղեկավարությունը հանդես է գալիս պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ զինադադարի օգտին: Իսրայելցի գեներալները կարծում են, որ դա կհեշտացնի պատանդների ազատ արձակման գործընթացը եւ բանակին թույլ կտա վերականգնել ռեսուրսները շիական քաղաքակն ու ռազմական «Հեզբոլլահ» շարժման հետ հակամարտության սրման դեպքում։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով անվտանգության աղբյուրներից ստացված տեղեկություններին։
«Զինվորականները լիովին աջակցում են պատանդների ազատ արձակման եւ ռազմական գործողությունների դադարեցման համաձայնությանը», — ասել է Իսրայելի ազգային անվտանգության նախկին խորհրդական Էյալ Խուլաթան։ Նրա խոսքով, Իսրայելի պաշտպանության բանակի գեներալները կարծում են, որ բանակը «միշտ կկարողանա վերսկսել գործողությունները եւ ՀԱՄԱՍ-ի հետ ապագայում էլ մտնել ռազմական առճակատման մեջ»։
Ինչպես գրում է պարբերականը, հրեական պետության ռազմական ղեկավարությունը եկել է այն եզրակացության, որ հրադադարը Գազայի հատվածում պահվող մոտ 120 պատանդների ազատ արձակման հասնելու ամենաարդյունավետ միջոցն է։ Բացի այս գեներալները նաեւ կարծում են, որ իսրայելական բանակին ժամանակ է պետք վերականգնվելու եւ զինվորական անձնակազմով ու ռազմական տեխնիկաով համալրվելու համար՝ հատկապես երկրի հյուսիսում «Հեզբոլլահի» հետ լայնածավալ հակամարտության աճող հավանականության պարագայում:
Պարբերականի մի քանի բարձրաստիճան աղբյուրներ, անանուն մնալու պայմանով նշել են, որ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը կարող է օգնել երկխոսություն հաստատել լիբանանյան «Հեզբոլլահի» հետ, որը դեմ է Գազայում Իսրայելի ռազմական գործողություններին։
Զինվորականների դիրքորոշումը տարբերվում է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կարծիքից, ով մինչ ՀԱՄԱՍ-ի վերջնական ոչնչացումը դեմ է հրադադարի համաձայնագրին, գրում է NYT-ը։
Պարբերականը նշում է, որ միեւնույն ժամանակ դեռ հայտնի չէ, թե արդյո՞ք գեներալները իրենց գնահատականներով կիսվել են Իսրայելի ղեկավարության հետ։
Նշենք, որ նախօրեին գերմանական Bild պարբերականը կրկին հղում կատարելով բարձրաստիճան աղբյուրներից ստացված տեղեկություններին, գրել էր, որ Իսրայելը Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» դեմ հարձակողական գործողությունների կարող է անցնել հուլիսի երրորդ կամ չորրորդ շաբաթներին։