Վրաստանի Բոլնիսի շրջանի Դիսվելի գյուղի ռազմաբազայի մոտ կործանվել է Սու-25 ռազմական գրոհային ինքնաթիռ։ Օդաչուն՝ Կախաբեր Զուրաբաշվիլին, զոհվել է։
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել ծրագրված զորավարժության ժամանակ, որին ներգրավված է եղել ավիացիան։
«Նշված միջադեպի պատճառները պարզելու նպատակով ՊՆ համապատասխան ծառայությունները մանրամասն քննություն են իրականացնում։ Պաշտպանության նախարարությունը ցավում է ողբերգական դեպքի կապակցությամբ եւ ցավակցում զոհված օդաչուի ընտանիքին ու մերձավորներին»,-ասվում է Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Պաշտպանական գերատեսչությունը ավելի վաղ հայտնել էր Սու-25 ինքնաթիռների արդիականացման ու նորացման գործընթացի մասին։