Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ վերջինիս կոչ է արել մտածել հրադադարի մասին։
«Պատերազմը, որը դուք այժմ ապրում եք, շատ ինտենսիվ ազդեցություն ունի Եվրոպայի անվտանգության վրա։ Մենք բարձր ենք գնահատում խաղաղության հասնելու նախագահ Զելենսկու բոլոր նախաձեռնությունները։ Ես պարոն նախագահին ասացի, որ այս նախաձեռնությունները շատ ժամանակ են պահանջում։ Միջազգային դիվանագիտության կանոնների պատճառով դրանք շատ բարդ են։ Ես խնդրեցի պարոն նախագահին մտածել, թե արդյո՞ք հնարավոր կլինի մի փոքր այլ ճանապարհով գնալ, նախ դադարեցնել կրակը եւ հետո շարունակել բանակցությունները»,-ասել է Օրբանը ասուլիսի ժամանակ (մեջբերումը՝ BBC-ից)։
Նշենք, որ հունիսին Շվեյցարիայում տեղի ունեցավ գլոբալ խաղաղության գագաթնաժողովը, որտեղ քննարկվեցին նախագահ Զելենսկու խաղաղության նախաձեռնությունները։
Գագաթնաժողովից մեկ օր առաջ սեփական առաջարկներով հանդես էր եկել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հրադադարի համար որպես նախապայման նշել էր Ուկրաինայի Զապարոժիեի, Դոնեցկի, Լուգանսկի եւ Խերսոնի մարզերից ուկրաինական բանակի ամբողջական դուրսբերումը եւ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարումը։
Այն մերժվել ու քննադատվել էր Կիեւի եւ Արեւմուտքի կողմից։
Հունգարիայի վարչապետի հետ ասուլիսի ժամանակ Զելենսկին ուղղակիորեն չի արձագանքել խաղաղության շուրջ նրա ներկայացրած առաջարկին, սակայն, խոսելով նրա հետ բանակցությունների արդյունքների մասին, կենտրոնացել է երկկողմ ուկրաինա-հունգարական հարաբերությունների վրա։
Նա նշել է, որ Օրբանի հետ քննարկել է «բարիդրացիական հարաբերությունների ամենահիմնական հարցերը՝ առեւտուրը, միջսահմանային համագործակցությունը, ենթակառուցվածքները եւ էներգետիկ խնդիրները»։
Զելենսկին հույս է հայտնել, որ երկխոսության բովանդակությունը կարող է հիմք դառնալ Ուկրաինայի եւ Հունգարիայի միջեւ նոր երկկողմ փաստաթղթի համար, որը կկարգավորի երկրների բոլոր հարաբերությունները եւ «հիմնված կլինի հայելային մոտեցման վրա»։
Կիեւի ու Բուդապեշտի հարաբերությունները հիմնականում լարված են ռուսական ներխուժումից հետո ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի ռազմական ու տնտեսական աջակցության վրա հունգարական կողմի հարուցած արգելքների պատճառով։ Ավելին Հունգարիան անգամ խոչնդոտներ հարուցեց ԵՄ-ի հետ Ուկրաինայի անդամակցության բանակցությունների սկսման հետ կապված հարցրեում։
Նման քաղաքականության համար որպես հիմնական պատճառ Հունգարիան նշում էր Ուկրաինայի արեւմտյան շրջաններում բնակվող էթնիկ հունգարացիների իրավունքների խախտումները՝ Կիեւից պահանջելով վերանայել ազգային փոքրամասնությունների նկատմամբ տարվող քաղաքականությունը։