Հայաստանի եւ Ադրբեջանի հետ աշխատանքը Հարավային Կովկասի համատեքստում առաջնահերթություն է ԱՄՆ-ի համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պադելը՝ պատասխանելով Վաշինգտոնում սպասվող ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովին հրավիրված Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ համատեղ հանդիպումների մասին հարցին։
«Հարավային Կովկասի համատեքստում սա առաջնահերթություն է մեզ համար, առաջնահերթություն է պետքարտուղարի եւ այս գերատեսչության մյուս պաշտոնյաների համար։ Չեմ կասկածում, որ հատուկ հանդիպումներ եւ ներգրավվածություններ կլինին գագաթնաժողովի շրջանակներում։ Հատուկ հանդիպումներ եւ գգաթնաժողովի շրջանակներում կայացող հանդիպումներին ներգրավվածություն, ուղղակի ժամանակացույցի մասին դեռ չեմ ուզում խոսել», — եզրափակել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակը։
ԱՄՆ-ն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրել է մասնակցելու ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովին, որը կկայանա Վաշինգտոնում այս ամիս: