ԱՄՆ ընտրողների 45%-ը կաջակցեր փոխնախագահ Քամալա Հարրիսին հանրապետական Դոնալդ Թրամփի հետ ընտրապայքարի ժամանակ, եթե նախագահի պաշտոնի համար Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվեր նրա թեկնածությունը։ Ինչ վերաբերվում է գործող նախագահ Ջո Բայդենին, ապա ընտրողների շրջանում նրա աջակցության մակարդակը 43 % է, վկայում են CNN-ի պատվերով անցկացված հարցման արդյունքները։
Ըստ այդ տվյալների՝ Թրամփի եւ Հարրիսի վարկանիշների տարբերությունը (47%՝ 45%-ի դիմաց) ավելի փոքր է, քան Թրամփի եւ Բայդենի միջեւ եղածը (47%՝ 43%-ի դիմաց)։ Սա նշանակում է, որ եթե փոխնախագահը սպասվող նախագահական ընտրություններում առաջադրվեր որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու, ապա նախընտրական մրցավազքում անհնար կլիներ որոշել հստակ ֆավորիտին։
Հարրիսն ավելի մեծ աջակցություն է վայելում կանանց շրջանում, քան Բայդենը (կանանց 50%-ը կքվեարկեր նրա օգտին, մինչդեռ Բայդենի օգտին պատրաստ էր քվերակել միայն 44%-ը), ինչպես նաեւ ավելի հաջողակ է այն ընտրողների շրջանում, ովքեր հստակ նախապատվություն չունեն հանրապետականների եւ դեմոկրատների միջեւ (Հարրիսի դեպքում դա հասնում է 43%-ի, իսկ Բայդենի դեպքում՝ 34%-ի)
CNN-ի հարցման համաձայն ամերիկացի ընտրողների 75%-ը կարծում է, որ նախագահական ընտրություններում դեմոկրատների հաղթանակը ավելի հավանական կլինի, եթե Բայդենի փոխարեն մեկ այլ թեկնածու առաջադրվի:
Հունիսի 27-ին Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում տեղի էր ունեցել Բայդենի եւ նախընտրական մրցավազքում նրա հիմնական մրցակից Դոնալդ Թրամփի հեռուստաբանավեճը։ CNN-ի հարցման համաձայն՝ բանավեճը դիտած հեռուստադիտողների երկու երրորդը հաղթանակը վերագրել է Թրամփին։