ժողովրդավարությունը միանշանակ բարձրացնում է Հայաստանի դիմակայունությունը եւ ժողովրդավարությունն այն հիմնական գործիքներից մեկն է, որով Հայաստանը կարողանում է դիմակայել իր սպառնալիքներին։ Այս մասին հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ «ՀՀ-Արեւելյան գործընկերություն-ԵՄ․ մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով պանելային քննարկմանն ունեցած ելույթի ընթացքում։
«Հայաստանը վերջին տարիներին ինտենսիվ աշխատում է իր դիմակայունությունը բարձրացնելու վրա, եւ դիմակայունության կոնտեքստում մենք շատ ենք կարեւորում դիվերսիֆիկացիան։ Հաճախ, երբ մենք ասում ենք դիմակայունություն, կարծում եմ՝ առաջին միտքը, որ գալիս է, երեւի հենց դիվերսիֆիկացիան է կամ զանազանեցումը, որը Հայաստանի համար շատ կարեւոր է՝ տնտեսության, անվտանգության մեջ»,-ասել է Գրիգորյանը։
Նրա խոսքերով ներքին քննարկումներում հաճախ են կարեւորում «մեկից կախվածությունը» «շատերից փոխակապվածությամբ» փոխարինելու հարցը։
«Փոխկախվածությունը դա կայունության աղբյուր է»,-նշել է ՀՀ ԱԽ քարտուղարը եւ հավելել․ «Դիվերսիֆիկացիան դա մեկ կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելն է, որպեսզի մեկը մոնոպոլիա չունենա։ Անվտանգության ոլորտում արդեն դիվերսիֆիկացիա ունենք, տնտեսության ոլորտում շատ աշխատանքներ ունենք կատարելու, որ կարողանանք դիվերսիֆիկացնենք, եւ այստեղ մենք ԵՄ անդամ երկրներին դիտարկում ենք որպես կարեւոր գործընկերներ»։