Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ողջունելով կոնգրեսականների այցը Հայաստան Փաշինյանը գոհունակություն է հայտնել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ զարգացման բնույթից: Վարչապետը ողջունել է վերջերս Երեւանում անցկացված Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի անցկացման կարեւորությունը եւ համոզմունք հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել:
Փաշինյանը նեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ն արդյունավետ աջակցությունն է ցուցաբերում Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանը՝ հավելելով, որ ՀՀ կառավարության համար ժողովրդավարության զարգացումն ունի ռազմավարական նշանակություն:
Ըստ հաղորդագրության կողմերը կարեւորել են երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական, էներգետիկ եւ այլ ուղղություններով կապերի ընդլայնումն ու խորացումը, եւ այդ առումով ընդգծել միջկառավարական ու միջխորհրդարանական ակտիվ երկխոսության անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին:
Մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի վերաբերյալ տեղի ունեցող քննարկումների, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: