Բելառուսը Հայաստանին հրավիրել է մասնակցել Նացիստական Գերմանիայի օկուպացիայից երկրի ազատագրման 80 ամյակին նվիրված շքերթին, սակայն հայկական կողմը հրաժարվել է մասնակցությունից։ Այս մասին հայտարարել է Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը՝ նշելով, որ միջոցառումից զատ Մինկսում կայանալու է նաեւ ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։
«Հրավիրված էր նաեւ Հայաստանը։ Բայց ինչ-որ անհասկանալի, ամենայն հավանականությամբ սուբյեկտիվ պատճառներով մենք հասկանում ենք, թե որոնք են այդ պատճառները, ցավոք, հայկական պատվիրակությունը, հայկական շքերթի անձնակազմերը չժամանեցին շքերթին մասնակցելու համար»,-նշել է Վոլֆովիչը, ում խոսքերը մեջբերում է բելառուսկան պետական БелТА գործակալությունը։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ-ում հայտարարել էր, որ ոչ ինքը, ոչ էլ հայկական որեւէ պաշտոնական ներկայացուցչություն այլեւս Բելառուս չեն մեկնի, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Վարչապետն իր նման որոշումը կապել էր մայիսին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոի Բաքու կատարած այցի ժամանակ արած այն խոստովանության հետ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մինչ 2020-ի 44-օրյա պատերազմը ունեցած զրույցի ժամանակ եկել էին ընդհանուր եզրակացության, որ հակամարտությունը կարելի է լուծել ռազմական ճանապարհով։
Փաշինյանը իր ելույթում ընդգծել էր, որ ՀԱՊԿ անդամ Բելառուսը մասնակցել է, «44-օրյա պատերազմը նախապատրաստելուն, քաջալերել, հավատացել է ու ցանկացել է, որ Ադրբեջանի հաղթանակը»։
Վարչապետի հայտարարություններին հաջորդել էր Բելառուսում Հայաստանի դեպսանին խորհրդակցությունների նպատակով հետ կանչելու մասին ՀՀ ԱԳ նախարարության հաղորդագրությունը։
Ավելի ուշ Երեւանից իր դեսպանին հետ կանչելու մասին հայտարարեց նաեւ Բելառուսը։