Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում ամբողջացնել ու ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը։ Այս մասին հայտարարել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Թբիլիսում Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ հանդիպումից հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
ՀՀ ԱԳ նախարարը նաեւ նշել է, որ Հայաստանը կարեւորում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքներով Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի կարեւորությունը։
Ընդգծելով, որ Հայաստանի առաջարկները եւ մոտեցումները խաղաղության պայմանագրի վերաբերյալ կառուցողական են ու թափանցիկ, Միրզոյանը նշել է․ «Հուսով ենք ու իրատեսական ենք համարում, եւ ես ինքս նաեւ հայտարարություն եմ արել այն մասին, որ մենք մեկ ամսվա ընթացքում, արագ, ինտենսիվ աշխատելով կարող ենք ամբողջացնել խաղաղության պայմանագիրը եւ ստորագրել Ադրբեջանի հետ այս շատ կարեւոր փաստաթուղթը»։
Միեւնույն ժամանակ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանը ոչ միայն դրական արձագանքներ չի տվել իր նշած առաջարկներին, այլ նաեւ նոր արհեստական խոչըդոտներ է ստեղծում բանակցությունների համար։
«Չեմ կաորղ նշել, որ դրական արձագանք է ստացել այս առաջարկը։ Ընդհակառակը մենք տեսնում ենք, նոր արհեստական խոչնդոտներ են ստեղծվում գործընթացը երկարաձգելու համար, բայց մենք շարունակում ենք հավատալ, որ իսկապես կա պատմական հնարավորություն մեր տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատելու համար»,-նշել է ՀՀ ԱԳ նախարարը։
Միրզոյանը նաեւ ընդգծել է, որ Հայաստանը կառուցողական է տրամադրված Ադրբեջանի հետ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ կապված հարցերի շուրջ։
«Ապաշրջափակումը կարող է տնտեսապես շահավետ լինել, ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի համար, այլ նաեւ տարածաշրջանի բոլոր երկրների համար»,-նշել է Միրզոյան։