ՆԱՏՕ-ի երկրները պայմանավորվել են 2025 թվականին Ուկրաինային ռազմական օգնության համար հատկացնել 40 միլիարդ եվրո, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով եվրոպական դիվանագիտական աղբյուրներին։
Ակնկալվում է, որ դաշինքի առաջնորդները պաշտոնապես կհաստատեն այս պարտավորվածությունը Վաշինգտոնում սպասվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, որը տեղի կունենա հուլիսի 9-11-ը։
Reuters-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը դաշնակիցներին խնդրել էր Կիեւին ռազմական օգնություն ցուցաբերելու համար երկարաժամկետ պարտավորություններ ստանձնել: Խոսքը գնում էր տարեկան մոտավորապես 40 միլիարդ եվրո տրամադրելու մասին։
ՆԱՏՕ-ի երկրները չեն աջակցել նման առաջարկին, սակայն համաձայնել են վերանայել դաշնակիցների ներդրումները Հյուսիսատլանտյան դաշինքի ապագա գագաթնաժողովներում, ասել է դիվանագետներից մեկը:
Նույն աղբյուրը նաեւ նշել է, որ դիվանագետները պայմանավորվել են 2025 թվականին պատրաստել երկու զեկույց, որոնցում կհստակեցվի թե որ երկիրը, ինչ քանակությամբ օգնություն է ցուցաբերել Ուկրաինային, ինչը հնարավորություն կտա առավել թափանցիկ դարձնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջեւ օգնության բաշխումը։
Ապրիլին Bloomberg-ը հայտնել էր, որ Ստոլտենբերգը ծրագրել էր 100 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության հիմնադրամ ստեղծել Ուկրաինայի համար։ Ենթադրվում էր, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերադարձի դեպքում այս նախաձեռնությունը կարող էր դառնալ Ուկրաինային անխափան օգնության տրմադրելու հուսալի մեխանիզմ ստեղծելու ծրագրի մասը։ Սակայն, հունիսի սկզբին հայտնի դարձավ, որ գլխավոր քարտուղարը հրաժարվել է հիմնադրամ ստեղծելու գաղափարից՝ հանդիպելով դաշինքի որոշ անդամների դիմադրությանը։ Դրանից հետո Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ էր արել երկարաժամկետ պարտավորություններ ստանձնել Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար։