Թբիլիսիում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
ՀՀ ԱԳ նախարարության փոխանցմամբ կողմերը քննարկել են երկկողմ հարուստ օրակարգի մի շարք հարցեր՝ վստահություն հայտնելով, որ ռազմավարական գործընկերության զարգացումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջեւ տարբեր ուղղություններով փոխգործակցության խորացմանը։
Նախարարն ընդգծել է, որ ռազմավարական գործընկերության հաստատումից հետո իր առաջին այցը եւ կայացած քննարկումները վկայում են երկու երկրների քաղաքացիների համար նոր շոշափելի արդյունքների հասնելու մտադրության մասին։
Միրզոյանն ու Կոբախիձեն քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի ջանքերը հարեւան երկրների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ Հարավային Կովկասում երկարատեւ կայունության ու խաղաղության ապահովման համատեքստում շեշտելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում առաջընթաց առահովելու կարեւորությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ բազմակողմ հարթակներում համագործակցության ու փոխաջակցության, ինչպես նաեւ տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերի։