Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության օրվա առթիվ:
Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.
«Մեծարգո նախագահ Բայդեն,
Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին` Անկախության օրվա առթիվ։
Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծման հիմքում դրված ազատության, արդարության եւ ժողովրդավարության համընդհանուր արժեքները, ինչպես նաեւ Անկախության հռչակագրում արտացոլված գաղափարները շարունակում են ոգեշնչման եւ քաջալերանքի աղբյուր լինել ողջ աշխարհում:
Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ բազմաշերտ եւ սերտ կապերը, վերջին տարիներին համագործակցության զգալի աճն ու զարգացումը, նոր ոլորտների ընդգրկումը երկկողմ օրակարգում ընդգծում են մեր գործընկերության ամրությունը՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքների, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության վրա:
Ուրախ եմ արձանագրելու, որ ժողովրդավարական բարեփոխումների, տնտեսական եւ էներգետիկ դիմակայունության խթանման, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, անվտանգային համագործակցության եւ այլ ոլորտներում մեր փոխգործակցության հետագա ընդլայնման հանձնառությունն արտացոլվել է Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական երկխոսությունը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու տեսլականում:
Հայաստանը մեծապես կարեւորում է Միացյալ Նահանգների դերը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում եւ խորապես գնահատում է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անխախտելիությանը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան:
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը խաղաղության օրակարգին եւ վստահություն հայտնել, որ մեր շարունակական ու ամրապնդվող գործընկերությունն այս կարեւորագույն ժամանակաշրջանում կնպաստի խաղաղ եւ ավելի բարեկեցիկ ապագայի կերտմանը` մեր երկու երկրների եւ տարածաշրջանի համար:
Կրկին շնորհավորելով Անկախության օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ եւ ԱՄՆ-ի բարեկամ ժողովրդին խաղաղություն, բարօրություն եւ շարունակական առաջընթաց»: