Աշխարհակարգի փոփոխությունները տեղի են ունենում արագ եւ անդառնալիորեն, բազմաբեւեռ աշխարհն արդեն իրականություն է դարձել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։
«Ներկա պայմաններում, երբ աշխարհում տեղի են ունենում արագ եւ անդառնալի փոփոխություններ, անկասկած պահանջված է ՇՀԿ-ի ակտիվ նախաձեռնողական դիրքորոշումը միջազգային հարցերում։ Բազմաբեւեռ աշխարհակարգը իրականություն է դարձել»,-հայտարարել է Պուտինը։
ՌԴ նախագահը համոզմունք է հայտնել, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) հետ միասին ձեւավորվող նոր աշխարհակարգի հիմնական հենասյունն է։
«Հենց այդ միավորումները հանդես են գալիս որպես հզոր լոկոմոտիվ գլոբալ զարգացման եւ իրական բազմաբեւեռության հաստատման գործընթացների համար»,-նշել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահի խոսքերով այն պետությունների շրջանակը, որոնք հանդես են գալիս «արդար աշխարհակարգի օգտին եւ պատրաստ են վճռականորեն պաշտպանել իրենց օրինական իրավունքները, պաշտպանել ավանդական արժեքները, ընդլայնվում է, ուժի եւ տնտեսական զարգացման նոր կենտրոններ են ի հայտ գալիս եւ ամրապնդվում»:
Պուտինի խոսքերով կառույցի նախաձեռնություններն հստակորեն ուղղված են կայունության եւ անվտանգության ոլորտում վստահության ամրապնդման միջոցների մշակմանը, եւ դա առաջին հերթին Եվրասիական տարածաշրջանում։