Երեւանի բոլոր վարչական շրջաններում Առողջապահության նախարարության ծրագրով տարեցների համար բացվել է ֆիզիկական ակտիվության եւ կոգնիտիվ (ճանաչողական) վարժանքների 60 խմբակ: 2023 թվականի հունիսին իրականացված փորձնական ծրագիրը ցույց է տվել, որ այսպիսի խմբակները բարելավում են տարեցների կյանքը։
«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը համագործակցում է պետական մարմինների հետ, եւ այս ծրագրի շրջանակում աշխատանքներ է իրականացնելու։ Նախ հատուկ թեստերի միջոցով տարեցների կոգնիտիվ ֆունկցիայի գնահատում է կատարվում, երբ տարեցը սկսում է խմբակ հաճախել։ Մյուս գնահատումն իրականացվելու է 2024 թվականի դեկտեմբերի վերջին, որպեսզի պարզվի՝ ինչ արդյունավետություն են գրանցել վարժանքները, ինչպիսի ազդեցություն են ունեցել դրանք տարեցների առողջության վրա։ Եթե հետազոտությունները ցույց տան, որ արդյունավետությունը բարձր է, ապա եկող տարում՝ 2025 թվականին, այսպիսի խմբակներ կբացվեն նաեւ մարզերում։
Սկզբում մասնակիցների քանակը քիչ էր, բայց հետո շատերը սկսեցին հաճախել խմբակներ։ Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել տարեցների մտավոր ու ֆիզիոլոգիական առանձնահատկությունները։ Նրանք ոչ միայն ֆիզիկական ու մտավոր վարժություններ են անում, այլեւ տեղեկություն ստանում ճիշտ սննդակարգի, առողջ ապրելակերպի, տարածված հիվանդությունների կանխարգելման մասին։
«Ալցհայմերի խնամք Հայաստան» ծրագրի ղեկավար Օֆելյա Կամավոսյանն ասում է՝ նման խմբակներն էականորեն բարելավում են տարեցների կյանքի որակը: Խմբակ այցելողներից ոմանք չգիտեն, որ կոգնիտիվ ֆունկցիայի խանգարում, հիշողության վատթարացում ունեն։
«Այս ծրագրի շրջանակում մենք հետազոտել ենք այս խմբակներն այցելող 100 տարեցի, որոնց հետ անցկացրել են ֆիզիկական ակտիվության և կոգնիտիվ գործառույթների ստուգման թեստ։ Որոշ դեպքում արդյունքները ցույց են տալիս՝ կան տարեցներ, որոնք ունեն խնդիրներ։ Հուսանք, որ վեց ամիս անց՝ որկրորդ ստուգման ժամանակ դրանք արդեն հաղթահարված կլինեն առողջ ծերության ակումբների գործունեության շնորհիվ»,- մանրամասնում է Օֆելյա Կամավոսյանը։
Յոգայի մասնագետ Սվետլանա Ավագյանն ասում է՝ արդեն ձեռքբերումներ կան։ Շատ տարեցների քաշը նվազել է, ոտքերի այտուցներն են պակասել, ուստի նրանք ավելի հեշտ են քայլում։ Ոմանց շնչառությունը եւ ուշադրությունը նույնպես նկատելիորեն բարելավվել են։
«Ավագ սերնդի ներկայացուցիչներից շատերը նման խմբակներ այցելելու հնարավորություն չունեն։ Այս ծրագրի շնորհիվ կարող են անվճար գալ պարապմունքների ոչ միայն առողջ մարմին ու միտք ունենալու ձգտումով, այլեւ առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Ֆիզիկական վարժություններն անվտանգ են բոլոր մեծահասակների համար։ Վարժանքները պարզ են ու հաճելի․ այդ ծրագրերը կազմելիս հաշվի է առնվել նաեւ միջազգային փորձը։ Լիահույս ենք, որ այս ծրագիրը շարունակական կլինի»,- ասում է Սվետլանա Ավագյանը։
Կլինիկական հոգեթերապեւտ Մանյա Ասլանյանը վստահ է՝ տարեցների կոգնիտիվ գործառույթները խթանելու, հիշողությունը բարելավելու գործում այդ ծրագիրը կարեւոր առաքելություն ունի։
«Ցանկացած տարիքում էլ մարդ կարող է սովորել, եթե ունի ցանկություն։ Հատուկ մեծահասակների համար մշակվել է առաջադրանքների ծրագիր։ Խմբակ այցելողները տետրեր ունեն ու տնային առաջադրանքներ են կատարում, որոնք բարելավում են նրանց հիշողությունն ու կոգնիտիվ ֆունկցիաները։ Դասընթացի շրջանակում յուրաքանչյուր տարեցի առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում, աշխատում նրա հետ։ Մեր խմբակ այցելող տատիկներից մեկն ասում էր՝ հիշողությունը շատ է վատացել, իր որդու հեռախոսահամարն անգամ չի կարողանում մտապահել։ Որոշ ժամանակ անց հասանք նրան, որ նա, իհարկե, հիշում է հեռախոսահամարը եւ շատ այլ տեղեկություններ է կարողանում մտապահել»,- մանրամասնում է Մանյա Ասլանյանը։
Մասնագետը բացատրում է՝ եթե մարդն անընդհատ մտածում է, որ իր հիշողությունը վատացել է եւ այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում, ուղեղն այսպես շարունակաբար ծուլանում է, բայց երբ կոգնիտիվ վարժություններ է անում, կարդում է, ջանում է սովորել, սոցիալիզացված է, ապա ուղեղը չի կարող ծուլանալ։
72-ամյա տիկին Սվետան արմունկները դժվարությամբ էր ծալում, իսկ հիմա արդեն վարժություններից հետո դրական փոփոխություն է նկատել։
«Շաբաթական երկու անգամ հաճախում եմ, եւ արդեն առողջությունս բարելավվել է։ Մեծ սիրով եմ հաճախում այս խմբակ»,- պատմում է տիկին Սվետան։
76-ամյա Արեւ Նիկոյանին թոռնիկներն են առաջարկել խմբակ հաճախել։ Հիմա արդեն ոչ միայն առօրյան է նոր շնչով լցվել, այլեւ նոր ընկերուհիներ ունի, առողջությունն է բարելավվել։
«Հիմա կարծես ավելի հեշտությամբ եմ շնչում։ Մասնագետը շնչառական վարժություններին առաձնակի ուշադրություն է դարձնում։ Այս խմբակները հաճախելով՝ արդեն արդյունք ենք նկատում, միգուցե մի քիչ էլ ջահելանանք»,- ժպտալով խոսքը եզրափակում է Արեւ Նիկոյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։