Իսրայելը եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել են միջնորդների միջոցով Գազայի հատվածում հրադադար հաստատելու պայմանների շուրջ բանակցությունները վերսկսելու մասին։
ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ կազմակերպության ղեկավար Իսմայիլ Հանիեն բանակցությունների նոր փուլ է անցկացրել Եգիպտոսի եւ Կատարի միջնորդների հետ։ Բացի այդ, շարժումը նաեւ նշում է, որ բանակցային գործընթացին միացել է նաեւ Թուրքիան։
Jerusalem Post-ի իսրայելական աղբյուրներն էլ հաստատել են, որ միջնորդներից ստացել են հրադադարի համաձայնագրի նոր առաջարկներ։
Կողմերից որեւէ մեկը այլ մանրամասներ չի հայտնում։
Մինչ այժմ երկրորդ զինադադար կնքելու բոլոր փորձերը ձախողվել են։ Իսրայելը շահագրգռված է պատանդների ազատ արձակմամբ՝ զուգահեռաբար ձգտելով պահպանելով գործողությունների ազատությունը Գազայում։ ՀԱՄԱՍ-ը պահանջում է ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում եւ իսրայելական զորքերի դուրսբերում Գազայի հատվածից։
Հունիսի 10-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունեց ԱՄՆ-ի առաջարկած բանաձեւը՝ Գազայում հրադադարի փուլային ռեժիմի հաստատման վերաբերյալ։ Ծրագիրը ներառում է նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված իսրայելցիների ազատ արձակում, իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերումը հատվածից եւ միջազգային վերահսկողության ներքո Գազայի հետպատերազմյան վերակառուցում: