Որպեսզի պատերազմը Կիեւի եւ աշխարհի համար արդար ավարտ ունենա, ԱՄՆ-ն եւ Չինաստանը պետք է մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները եւ միասին հանդես գան որպես միջնորդներ Ռուսաստանի հետ բանակցություններում։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկին ասել է, որ Պեկինը լուրջ դերակատարում ունի պատերազմի կարգավորման հարցում, քանի որ Ռուսաստանը մեծապես կախված է չինական արտահանման շուկայից։ Ուկրաինայի նախագահը համաձայնել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի կարծիքին, ով ավելի վաղ Bloomberg-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի մեկ հեռախոսազանգը կլուծեր Ռուսաստանի եւ Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը։
Նա նշել է, որ Մոսկվայի հետ հնարավոր բանակցությունների դեպքում չի ակնկալում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի դրանց, քանի որ «չափազանց վախեցած է որպեսզի գա»։ Միեւնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը չի բացառել Պուտինի մասնակցությունը Կիեւի կողմից կազմակերպված խաղաղության հերթական գագաթնաժողովին։
Զելենսկին նաեւ ասել է, որ չի ընդունել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի առաջարկը՝ հրադադարի մասին բանակցություններ սկսելու համար։ Նրա խոսքով՝ առանց հետեւանքների հստակ ծրագրի, հրադադարը կնշանակի հակամարտության սառեցում, ոչ թե ավարտ։ Ուկրաինայի ղեկավարը մտահոգություն է հայտնել, որ նման դեպքում Ռուսաստանը կարող է օգտվել դադարից՝ ուժեր կուտակելու եւ ռազմական գործողությունները վերսկսելու համար։
Ուկրաինայի նախագահը նաեւ նշել է, որ բանակը այժմ անձնակազմի համալրման տեսակետից բավականին լավ վիճակում է, քան մի քանի ամիս առաջ էր, իսկ հակահարձակումը բրիգադների զինելու խնդրից է կախված։
«Սա փակուղի չէ, սա խնդրահարույց իրավիճակ է։ Փակուղի նշանակում է, որ ելք չկա։ Բայց խնդիրը կարող է լուծվել, եթե դուք ունեք ցանկություն եւ գործիքներ», — ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նաեւ ասել է, որ պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին՝ լսելու Ռուսաստանի հետ խաղաղության վերաբերյալ նրա առաջարկները։