Մոսկվայի եւ Կիեւի միջեւ 2022 թվականի մարտի 29-ին Ստամբուլում նախաստորագրված համաձայնագրերը մնում են սեղանին եւ կարող են հիմք հանդիսանալ Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այդ մասին ՇՀԿ + (Շանհայի համագործակցության Կազմակերպություն) ձեւաչափով հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթում անդրադառնալով Ուկրաինայում ընթացող հակամարտության կարգավորմանը։
«Ռուսաստանը, ինչպես գիտեք, երբեք չի հրաժարվել եւ այժմ պատրաստ է շարունակել խաղաղության բանակցությունները։ Բանակցություններից հրաժարվել է հենց Ուկրաինան։ Ավելին, նա դա արել է հրապարակայնորեն՝ Լոնդոնի ուղղակի հրահանգով, եւ որում որեւէ կասկած չկա, նաեւ Վաշինգտոնի [ցուցումներով], ինչի մասին ուկրաինացի պաշտոնյաները խոսում են ուղղակի եւ բացահայտ»,-հայտարարել է Պուտինը։
Նա նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է կրկին քննարկել Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք նախաստորագրել էր ուկրաինական պատվիրակությունը։
«Ստամբուլի համաձայնագրերը չեն վերացել, դրանք նախաստորագրվել են ուկրաինական բանակցային պատվիրակության ղեկավարի կողմից, ինչը նշանակում է, որ, ըստ երեւույթին, դրանք բավականին հարմար էին Ուկրաինայի համար։ Այս համաձայնագրերը մնում են սեղանին եւ կարող են հիմք հանդիսանալ այս բանակցությունները շարունակելու համար»,-ասել է Պուտինը
Ուկրաինա ներխուժելուց հետո Մոսկվայի եւ Կիեւի միջեւ առաջին բանակցությունները տեղի ունեցան 2022 թվականի մարտի սկզբին Բելառուսում, բայց շոշափելի արդյունքներ չտվեցին։ Դրանք շարունակվեցին նույն ամսի վերջին արդեն Ստամբուլում, որտեղ ուկրաինական կողմը գրավոր ձեւով Ռուսաստանի ներկայացուցիչներին էր փոխանցել ապագա համաձայանգրի սկզբունքների սեփական տեսլականը։
Հունիսի 17-ին The New York Times-ը (NYT) հրապարակեց այսպես կոչված «Ռուս-ուկրաինական Ստամբուլի կոմյունիկեն»։
Ըստ այդ փաստաթղթի․
- Համաձայնություն էր ձեռք բերվում, առ այն, որ Ղրիմի կարգավիճակը պետք է որոշվի 10-15 տարվա ընթացքում, իսկ Ուկրաինան համաձայնվում էր չփորձել ուժով վերադարձնել թերակղզին։
- Ուկրաինայի նածագահ Վլադիմիր Զելենսկին եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է անձամբ հանդիպեին 2022 թվականին՝ խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու համար եւ հստակեցնելու թե Ուկրաինայի որ տարածները պետք է մնային ռուսական վերահսկողության ներքո։
- Ուկրաինայի համար տրմադրվում էին անվտանգության պարտադիր երաշխիքներ, որը ենթադրում էր պայմանագրեր մի շարք երկրների հետ, որոնց թվում էին լինելու Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Թուրքիան, Գերմանիան, Կանադան, Իտալիան, Լեհաստանը, Իսրայելը։
- Երաշխավոր երկրները պետք է համաձայնվեին, որ «ագրեսիայի, Ուկրաինայի վրա ցանկացած զինված հարձակման կամ Ուկրաինայի դեմ որեւէ ռազմական գործողության» դեպքում նրանցից յուրաքանչյուրը խորհրդակցություններից հետո հրատապ եւ անհապաղ օգնություն պետք է տրամադրեին Ուկրաինային։
Պարբերականի փոխանցմամբ բանակցությունները դադարեցրած հիմնական խոչնդոտնրեը եղել են վերջին երկու կետերը։ Ռուսական կողմը պնդել էր որպեսզի երաշխավոր երկրները, որոնց թվում ինչպես նշվեց կար նաեւ Ռուսաստանը, Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում օգնությունը տրամադրեին միայն համատեղ փոխահմաձայնության դեպքում։