247 տարի առաջ այս օրը՝ 1776 թվականի հուլիսի 4-ին, ամերիկյան գաղութների գործերը համակարգող մարմնի՝ Մայրցամաքային կոնգրեսի ընդունած Անկախության հռչակագրի հրապարակմամբ ամերիկյան 13 գաղութները խզեցին քաղաքական կապերը Մեծ Բրիտանիայի հետ։
Հռչակագրի տեքստում հակիրճ ամփոփված էին գաղութների անկախության ձգտման դրդապատճառները: Անկախ պետություն հչռչակելով՝ ամերիկացի գաղութաբանակները կկարողանային Ֆրանսիայի ղեկավարության հետ հաստատել պաշտոնական դաշնակցային հարաբերություններ եւ վերջինից ստանալ համապատասխան աջակցություն Մեծ Բրիտանիայի դեմ մղվող անկախության պատերազմում:
1760-ական թվականների ընթացքում եւ 1770-ականների սկզբին հյուսիսամերիկյան գաղութաբնակները գնալով էլ ավելի էին հակադրվում բրիտանական կայսերական քաղաքականությանը՝ հիմնականում հարկման եւ տեղաբնիկ հնդկացիների հետ գաղութների սահմանային քաղաքականության հետ կապված հարցերում:
Երբ բազմակի բողոքները չազդեցին բրիտանական քաղաքականության վրա, եւ փոխարենը հանգեցրին Բոստոնի նավահանգստի փակմանը եւ Մասաչուսեթսում ռազմական դրության հայտարարմանը, գաղութային կառավարությունները պատվիրակներ ուղարկեցին մայրցամաքային կոնգրես՝ բրիտանական ապրանքների գաղութային համընդհանուր բոյկոտը համակարգելու համար:
Մասաչուսեթսում ամերիկացի գաղութաբնակների եւ բրիտանական ուժերի միջեւ ռազմական գործողությունների սկսվելուց հետո, Մայրցամաքային կոնգրեսը սկսեց աշխատել տեղական խմբերի հետ, որոնք ի սկզբանե նախատեսված էին բոյկոտը էլ ավելի ծավալուն դարձնելու եւ բրիտանացիների դեմ դիմադրությունը համակարգելու համար:
Արդյունքում բրիտանացի պաշտոնայաները էլ ավելի շատ էին սկսել բախվել տեղական ոչ ֆորմալ ղեկավարության կողմից իրենց իշխանությանը նետվող մարտահրավերների հետ, չնայած որոշ հատվածներում բրիտանացիներին ուղղված հավատարմությունը շարունկել էր անխաթար մնալ:
Ի հեճուկս առճակատումների արդյունքում առաջ եկած լուրջ փոփոխությունների, գաղութային ղեկավարները հույս ունեին հաշտվել բրիտանական կառավարության հետ, եւ Կոնգրեսի բոլոր անդամները, բացի ամենաարմատականներից, չէին ցանկանում անկախություն հռչակել:
Այնուամենայնիվ, 1775 թվականի վերջին Բենջամին Ֆրանկլինը, որն այն ժամանակ նամակագրության գաղտնի կոմիտեի անդամ էր, ֆրանսիացի գործակալներին եւ այլ եվրոպացի համախոհներին ակնարկեց, որ գաղութներն առավել քան երբեւէ հակված են անկախության: Գուցե սա ճշմարտությունն էր, քանզի Ֆրանկլինը հույս ուներ համոզել ֆրանսիացիներին որպեսզի Փարիզն աջակցություն տրամադրեր գաղութաբանակներին: Սակայն ֆրանսիացների կողմից դաշնակցային հարաբերությունների հետ կապված հարցերը քննարկման դնելուց առաջ անհարժեշտ պայման էր նախ անկախություն հռչակելը:
1775–1776 թվականների ձմռանը մայրցամաքային կոնգրեսի անդամները եկել էին այն եզրակացության, որ Մեծ Բրիտանիայի հետ հաշտեցումը քիչ հավանական է, իսկ անկախությունը՝ գործողությունների վարման իրենց հասանելի միակ ուղղությունը:
Երբ 1775 թվականի դեկտեմբերի 22-ին բրիտանական խորհրդարանն արգելեց առեւտուրը գաղութների հետ, ի պատասխան Կոնգրեսը 1776 թվականի ապրիլին հայտարարեց գաղութային նավահանգիստների բացման մասին, ինչը մեծ քայլ էր Մեծ Բրիտանիայի հետ կապերը խզելու ուղղությամբ:
Գաղութաբանակներին իրենց նախաձեռնած գործողությունների ոգեշնչման հարցում մեծ աջակցություն այդ ժամանակ ցույց տվեց Թոմաս Փեյնի «Առողջ դատողություն» գրքույկը, որը լայնորեն տարածվում էր ամերիկյան գաղութներում:
«Անգլիայում արքան այլ բան չունի անելու բացի պատերազմներ վարելուց եւ հողեր բաժանելուց, որն առավել պարզ լեզվով ասած, կայանում է ազգին հյուծելու եւ զույգ ականջներից բռնելու մեջ: իսկապես լավ գործ է մարդու համար ով տարեկան ստանում է ութ հարյուր հազար ֆունտ ստերլինգ եվ որպես հավլում՝ երկրպագություն: մեկ արդար մարդը առավել արժեքավոր է հասարակության համար եւ աստծո աչքին, քան երբեվէ ապրած եվ թագադրված բոլոր գլխակերները»:
1776 թվականի փետրվարին գաղութային ղեկավարները քննարկում էին այլ երկրների հետ դաշինքներ ստեղծելու հնարավորությունը եւ սկսեցին մշակել այսպես ասած Մոդելային պայմանագիրը, որը հիմք պետք է ծառայեր 1778 թվականին Ֆրենսիսի հետ ապագա դաշնադրության համար: Անկախության շարժման առաջնորդները նախքան հարցը քվեարկության դնելը ցանկանում էին համոզվել, որ իրենք ունեն Կոնգրեսի բավարար աջակցությունը:
1776 թվականի հունիսի 7-ին Ռիչարդ Հենրի Լին Կոնգրեսում անկախություն հռչակելու առաջարկ ներկայացրեց։ Կոնգրեսի անդամները համաձայինեցին հարցը քննարկել, սակայն մի քանիսն էլ համաձայնություն տալուն զուգահեռ պնդեցին, որ որոշ գաղութներ դեռ պատրաստ չեն անկախության: Այնուամենայնիվ, Կոնգրեսը կազմեց անկախության հռչակագրի մշակման հանձնաժողով եւ այդ պարտականությունը հանձնարարեց Թոմաս Ջեֆերսոնին:
Բենջամին Ֆրանկլինը եւ Ջոն Ադամսը վերանայեցին Ջեֆերսոնի նախագիծը: Նրանք պահպանեցին դրա նախնական ձեւը, սակայն հեռացրեցին այնպիսի հատվածները, որոնք կարող էին հակասություններ կամ թերահավատություն առաջացնել, օրինակ՝ Մեծ Բրիտանիայի այդ ժամանակվա թագավոր Ջորջ III-ին անդրատլանտյան ստրկավաճառության մեջ մեղադրելը, կամ էլ բրիտանացի ժողովրդի եւ ոչ թե ղեկավարության հասցեին հնչող մեղադրական հատվածները:
Այսպիսով Կոմիտեն փաստաթղթի վերջնական նախագիծը Կոնգրեսին ներկայացրեց 1776 թվականի հունիսի 28-ին, իսկ Կոնգրեսն Անկախության հռչակագրի վերջնական տեքստը ընդունեց հուլիսի 4-ին։ Ներկայացնենք Հռչակագրի տեքստի սկզբնական եւ առանցքային նշանակություն ունեցող հատվածները.
«Երբ մարդկային իրադարաձությունների ընթացքում մի ժողովրդի համար անհրաժեշտ է դառնում խզել ունեցած քաղաքական կապերը մեկ այլ ժողովրդի հետ, եվ տեղ զբաղեցնել երկրի մյուս տերությունների շարքում՝ այն առանձին եվ հավասար դիրքով, որի իրավունքները տալիս են Բնության օրենքները եվ Բնության Աստծո օրենքները, մարդկության կարծիքների նկատմամբ արժանապատիվ հարգանքը պահանջում է, որ նրանք հայտարարեն այն պատճառների մասին, որոնք իրենց դրդում են բաժանման:
Մենք կարծում ենք, որ այս ճշմարտություններն ինքնին ակնհայտ են, որ բոլոր մարդիկ ստեղծված են հավասար, որ նրանք Արարչի կողմից օժտված են որոշակի անօտարելի Իրավունքներով, որոնցից են Կյանքը, Ազատությունը եվ Երջանկության ձգտումը: Եվ մարդկանց մեջ այս իրավուքների ապահովման համար ստեղծվում են կառավարություններ՝ իրենց օրինական լիազորությունները ստանալով կառավարվողներից: Եվ երբ կառավրման որեվէ ձեվ դառնում է կործանարար այս նպատակների համար, ժողովուրդը այն փոխելու կամ լուծարելու եվ նոր կառավարություն հաստատելու իրավունք ունի՝ իր հիմքը դնելով այնպիսի սկզբունքների վրա եվ իր լիազորությունները կազմակերպելով այնպիսի ձեվով, որն իրենց կարծիքով հավանական ազդեցություն կունենա անվտանգության եվ երջանկության վրա […]»:
Բրիտանական կառավարությունն արեց հնարավորը Հռչակագիրը որպես դժգոհ գաղութատերերի հրապարակված «անիմաստ փաստաթուղթ» մերժելու համար: Ավելին, բրիտանական ղեկավարությունը քարոզիչներին հանձնարարեց ընդգծել հռչակագրի թերությունները եւ հերքել գաղութատերերի բողոքները: Այն նույնիսկ պառակտել էր բրիտանական ներքին ընդդիմությանը, քանի որ Հռչակագրի որոշ կողմնակիցներ կարծում էին, որ դրանում գաղութաբնակները շատ հեռուն են գնացել, մինչդեռ հակառակ տրամադրություններն էին տիրում բրիտանացիների կողմից կառավարվող Իռլանդիայում, որտեղ ամերիկացիների պատրաստած անկախության Հռչակագիրը շատ համակիրներ էր հավաքել:
Հռչակագրի ամենակարեւոր դիվանագիտական ազդեցությունը բարեկամ օտարերկրյա կառավարությունների կողմից Միացյալ Նահանգների ճանաչման հնարավորությունն էր: Մարրոկոյի սուլթան Մուհամմադ բեն Աբդալլահը կամ Մուհամմադ III-ն արդեն 1777 թվականի դեկտեմբերին որոշում էր ընդունել այն մասին, որ ամերիկյան նավերը կարղ են ազատորեն մուտք գործել իր թագավորության նավահանգիստներ եւ անվտանգ անցում կատարել իրենց ենթակա ջրերով՝ այդպիսով դառնալով առաջին օտարերկրյա ղեկավարը ով փաստացի ճանաչել էր ԱՄՆ-ի անկախությունը:
Սակայն Ֆրանսիայի պարագայում Կոնգրեսը ստիպված էր սպասել մինչեւ 1778 թվականը՝ մինչեւ Ֆրանսիայի հետ Դաշինքի կնքման հնարավրությունը, որով եւ Փարիզը փաստացի կճանաչեր ԱՄՆ-ի անկախությունը: Եվրոպական ազդեցիկ երկրներից Նիդեռլանդների Թագավորությունն էլ ԱՄՆ անկախությունը ճանաչեց 1782 թվականին, իսկ Իսպանիան չնայած 1779 թվականին միացել էր Մեծ Բրիտանիայի դեմ մղվող պատերազմին, անուամենայնիվ մինչեւ 1783 թվականի Փարիզի պայմանագրի կնքումը այդպես էլ ԱՄՆ անկախությունը ճանաչող որեւէ հայտարարություն չէր արել:
Այդ պայմանգրի համաձայն, որով ավարտվել էր Ամերիկյան հեղափոխությունը կամ Անկախության պատերազմը, Մեծ Բրիտանիան պաշտոնապես ճանաչում էր ԱՄՆ-ն որպես անկախ եւ ինքնիշխան պետություն:
Ահա այսպիսին է այն գաղափարական հիմքի հակիրճ պատմությունը, որի վրա կառուցվեց Միացիալ Նահանգները։
Եթե փորձենք համեմատականներ անցկացնել 1990 թվականի Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման համար ստեղծված քաղաքական ֆոնի եւ հարակից զարգացումների միջեւ, այնքան էլ շատ նմանություններ չենք գտնի։ Սակայն միանշանակ կարելի է ասել, որ Հայաստանի պարագայում Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը այն եւս ընդունել էր ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի գաղափարական հիմքով։ Եւ իզուր չէ, որ հենց հռչակագրի մեջ շեշտվում է, որ այն նաեւ հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։
Այլ կերպ ասած՝ ազատության, ինքնորոշման, ինքնիշխանության եւ դրանցով իսկ, ինչպես ասվում էր ԱՄՆ անկախության հռչակագրում, երջանկության ձգտման գաղափարական արժեքների վրա։ Եվ սա հենց այն արժեքավոր մասն է հռչակագրի, որն այսօր Ադրբեջանը Հայաստանից պահանջում է փոփոխել՝ խաղաղության պայամանագրի ստորագրման համար այն դարձնելով գլխավոր նախապայման։
Բորիս Ղազարյան