«Մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն»,-այս մասին այսօր՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բոլորիս հայտնի հանգամանքների բերումով ՀՀ քաղաքացին այսօր չի համարում, որ Սահմանադրությունն իր ու իր հարեւանի, իր ու իր համայնքի, իր ու իր պետության մյուս բնակիչների հետ ապրելու կանոնների մասին իր պատկերացումն ու պայմանավորվածությունն է արտահայտում»,-նշել է Փաշինյանը եւ հավելել, որ քաղաքացիների համար իշխող վերնախավն է ստեղծել տեքստը, հայտարարել դրա ընդունման մասին եւ, ըստ էության, ներդրել այն Հայաստանում։
«Իմ համոզմունքը եղել եւ մնում է այն, որ սա հիմնարար պրոբլեմ է մեր երկրի համար, եւ մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, եւ տվյալ պահին խոսում եմ ոչ այնքան տեքստային նորության, որքան դրա ստեղծման եւ ընդունման մեթոդի նորության մասին: Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը, համարի, որ այն, ինչ նրանում գրված է՝ իր պատկերացումն է իր ստեղծած պետության եւ այդ պետության մեջ մարդկանց, քաղաքացիների հարաբերությունների մասին»,-ասել է Հայաստանի վարչապետը։
Նրա խոսքով Հայաստանին պետք է այնպիսի Սահմանադրություն, որը «օգանական կապով» կապված կլինի ժողովրդի հետ։
Հիշեցնելով, որ Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության թեման բավականին հաճախ է շահարկվում ներքին եւ արտաքին ասպարեզներում Փաշինյանը նշել է․ «անշեղորեն պիտի շարունակենք մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, ուժեղացնելու, ինստիտուցիոնալ, հոգեբանական ու ֆիզիկական առումով նրան անխոցելի դարձնելու մեր ճանապարհը: Սա դժվար, բայց պատվաբեր ճանապարհ է, ու մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով, բայց այդ ճանապարհն անցնելու համար մեզ պետք է կենտրոնանալ մի կոնկրետ խնդրի՝ Հայաստանի Հանրապետության պետական շահը սպասարկելու վրա, րովհետեւ Հայաստանի Հանրապետության պետական շահը ինքնիշխանի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահն է»։
Նշենք, որ հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների ֆոնին վերջին շրջանում ադրբեջանական կողմը հաճախ է սկսել շրջանառել Հայաստանի սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտության պահանջը՝ պնդելով, որ այն հղում է կատարում 1990 թվականի Անկախության հռչակագրին, որն էլ իր հերթին հիմնված է Հայաստանի ԽՍՀ եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, որով Լեռնային Ղարաբաղը վերամիավորվում էր Հայաստանի հետ։
Բաքուն Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը հայտարարել է, որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման։