Սըր Քիր Սթարմերի գլխավորած լեյբորիստական կուսակցությունը Միացիալ Թագավորությունում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հավաքել է Համայնքների պալատում մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ քանակությամբ ընտրողների ձայները։ Այս մասին հայտնում է BBC-ին՝ նշելով, որ այս իրադարձությունը նախանշում է Մեծ Բրիտանիայում պահպանողականների կառավարման 14 տարվա ավարտը:
Ըստ Ipsos կազմակերպության հարցումների 650 տեղանոց Համայնքների պալատում լեյբորիստները կարող են ստանալ 410 տեղ, ինչը նշանակում է բացարձակ մեծամասնություն։ Նրանց հիմնական մրցակից պահպանողականները հավանաբար կունենան 131 տեղ։ Երրորդ տեղում են լիբերալ-դեմոկրատները՝ 61 տեղով, իսկ չորրորդում՝ 13 տեղով, աջ պոպուլիստական «Բարեփոխումների» կուսակցությունը։ Զգալիորեն կկրճատվի Շոտլանդիայի ազգային կուսակցության ներկայությունը, նրանք կունենան ընդամենը 10 տեղ։ Առավել քիչ թվով տեղեր կարող են զբաղեցնել Ուելսի ազգայնականների ու «Կանաչների» կուսակցությունները․ նրանք համապատասխանաբար կունենան 4 եւ 2 տեղ։
Պաշտոնական արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ։
Գործող վարչապետ Ռիշի Սունակը խոստովանել է, որ պահպանողականները պարտվել են եւ հայտնել է, որ արդեն շնորհավորել է Սթարմերին հաղթանակի կապակցությամբ:
«Այսօր իշխանության փոխանցումը ձեռքից ձեռք տեղի կունենա խաղաղ ու կանոնավոր, բոլոր կողմերի բարի կամքով։ Սա պետք է բոլորիս վստահություն տա մեր երկրի կայունության եւ ապագայի նկատմամբ։ Բրիտանացիներն այսօր սթափեցնող վճիռ են կայացրել, սովորելու շատ բան կա… եւ ես ստանձնում եմ ձախողման պատասխանատվությունը»,-հայտարարել է Սունակը։
Այսօր՝ հուլիսի 5-ին, Սունակը եւ Սթարմերը, ով մեծ հավանականությամբ կընտրվի որպես երկրի հաջորդ վարչապետ, կմեկնեն Բուքինգհեմյան պալատ՝ Չարլզ III թագավորի հետ տեսության: