Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության համար այսօր՝ հուլիսի 5-ին տեղական ժամանակով ժամը 8:00-ին բացվել են ընտրատեղամասերը։
Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնի համար պայքարում են առողջապահության նախկին նախարար, 69-ամյա բարեփոխիչ Մասուդ Փեզեշքիանը եւ հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի առաջնորդի 58-ամյա ներկայացուցիչ, պահպանողական Սաիդ Ջալիլին։ Հունիսի 28-ին կայացած առաջին փուլում Փեզեշքիանը եւ Ջալիլին կարողացել էին հավաքել ընտրողների ձայների համապատասխանաբար 44 եւ 40 տոկոսը։ Հաղթելու համար պետք էր 50%-ից ավելի քվե հավաքել։ Մասնակցությունը կազմել էր 40%, ինչը ամենացածրն է եղել Իսլամական հանրապետության 45 տարվա պատմության ընթացքում։
Ընտրատեղամասերի բացումից հետո առաջին րոպեներին քվեարկել է երկրի գերագույն հոգեւոր եւ Իսլամական հեղափոխության առաջնորդ Ալի Խամենեին։ Այնուհետեւ նա դիմել է քաղաքացիներին՝ կոչ անելով «ավելի ակտիվ մասնակցել քվերակություններին»:
Իրանում արտահերթ ընտրությունները նշանակվեցին մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետեւանքվ նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահանալուց հետո։