ԱՄՆ-ն ցանկանում է մեծացնել Հայաստանի հետ կապերը անվտանգության, տնտեսության եւ քաղաքական ասպարեզներում։ Այս մասին Հայաստանի ԱԺ–ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը, ով Երեւան է այցելել սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական երկկուսակցական պատվիրակության կազմում:
«Մենք ուզում ենք մեր երկու երկրների միջեւ մեծացնել կապերը՝ անվտանգության, տնտեսական, քաղաքական ասպարեզում:Կփորձենք ուղիներ գտնել առավել խորացնելու այն առաջընթացը, որ արդեն իսկ ունենք»,–նշել է ամերիկացի սենատորը:
Նա նաեւ ընդգծել է, որ իրենց պատվիրակությունը Երեւանում է, որպեսզի ցույց տան Հայաստանին իրենց բարեկամությունը եւ շնորհակալություն հայտնեն ժողովրդավարական բարեփոխումների համար։
Պատվիրակության ղեկավար Ուիքերն էլ իր խոսքում նշել է, որ աշխարհում, այդ թվում եւ Հարավային Կովկասում կան ուժեր, որոնք փորձում են ոչնչացնել ժողովրդավարությունն ու ազատությունը, իսկ Հայաստանն այս հարցում մեծ վճռականություն ու հաստատակամություն է հանդես բերում՝ դա թույլ չտալու համար։
«Հիմա՝ առավել քան երբեւէ հստակ է, որ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը ցանկանում են խաղաղության համաձայնագիր տեսնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ուզում են, որ այն ամբողջականացվի եւ ստորագրվի, սահմանազատումն ու սահմանագծումն ավարտվի, վերջին պատերազմի ռազմագերիներն ազատ արձակվեն»,-նշել է Ուիքերը։
Նա նաեւ դիմել է Ադրբեջանին եւ ԵԱՀԿ մյուս գործընկերներին, զգուշացնելով` Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության վտանգավոր հեռանկարների մասին։
«Խոսքս ուղղում եմ Ադրբեջանի մեր գործընկերներին եւ ԵԱՀԿ մյուս անդամներին զգուշացե՛ք Պուտինի Ռուսաստանի հետ կապերի խորացումից: Ուզում եմ խորհուրդ տալ, որ Ադրբեջանում մեր բարեկամները փորձեն հասկանալ ազատության գինը, ազատության արժեքը: Այս նախազգուշացումն ուզում եմ փոխանցել Ադրբեջանին. զգուշացեք «ռուսական մեծ արջից», այն եւս մեկ անգամ փորձելու է գերիշխող դիրք զբաղեցնել նախկին Խորհրդային միության հանրապետության նկատմամբ»,-նշել է Ուիքերը։