Ինքնահռչակ Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը քննադատում է Հայաստանի դիրքորոշումը Վրաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ։ Գերատեսչությունը այսպիսով, մասնավորապես, մեկնաբանել է Հայաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Իլյա Դարչիաշվիլիի հուլիսի 3-ի հայտարարությունները տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ աջակցության եւ հարգանքի մասին։
«Մենք կոչ ենք անում հայկական կողմին չօգտագործել Վրաստանի առասպելական տարածքային ամբողջականության մասին կարծրատիպային արտահայտություններ, որոնք հակասում են օբյեկտիվ իրականությանը», — ասվում է Աբխազիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Բացի այդ, Սուխումին ուշադրություն է հրավիրել Աբխազիա եւ Հարավային Օսիա վրացի փախստականների վերադարձի վերաբերյալ «հայկական կողմի դիրքորոշման լուրջ փոփոխության վրա», որը դրսեւորվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության ժամանակ, երբ հայկական կողմը առաջին անգամ պաշտպանեց համապատասխան բանաձեւը։
«Տագնապալի է, որ Հայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ քվեարկեցին այս բանաձեւի օգտին, չնայած այն հանգամանքին, որ Աբխազիայի հայկական սփյուռքը կարեւոր տեղ է զբաղեցնում մեր Հանրապետության անկախության կայացման եւ ամրապնդման գործընթացում։ Աբխազիայի հայկական սփյուռքի շատ ներկայացուցիչներ մեր Հանրապետության ականավոր հայրենասերներն են եւ աբխազ ժողովրդի հետ կողք կողքի, զենքերը ձեռքին, պաշտպանել են մեր երկրի անկախությունը վրաց ագրեսորներից։ Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում Հայաստանի ղեկավարությունը ճիշտ հետեւություններ կանի ստեղծված իրավիճակից եւ կվերափոխի իր դիրքորոշումն այս հարցում»,-ասվում է Աբխազիայի ԱԳ նախարարության հայտարարության տեքստում։
Աբխազիայի ԱԳՆ-ն նաեւ կոչ է արել վրացական կողմին «անել միակ ճիշտ քայլը, որը կարող է հիմք դնել հարաբերությունների կարգավորմանը»՝ ստորագրել Աբխազիայի հետ ուժի չկիրառման մասին համաձայնագիր։
Հիշեցնենք, որ Աբխազիան անկախությունը հռչակել է 1994-ին` Վրաստանի հետ 1992-1993 թվականներին ընթացած հակամարտությունից հետո։ Իսկ 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանը Աբխազիան ճանաչել է որպես անկախ պետություն։