Շիրակի մարզի Կառնուտ գյուղի դպրոցում այլեւս ստիպված չեն լինի միակ պրոյեկտորը դասասենյակից դասասենյակ տեղափոխել։ Դա Հայաստանի այն 100 հանրակրթական դպրոցներից մեկն է, որոնք «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի կազմակերպած «Սմարթ-էկրաններ Աշխարհացույց»-ի դպրոցներին 2024» մրցույթում հաղթել է։
Սմարթ-էկրանները հնարավորություն են տալիս կիրառել դասավանդման արդի մեթոդներ եւ գործիքակազմ՝ աննախադեպ բարձրացնելով դասապրոցեսի արդյունավետությունը։
«ԻՄ ԱՇԽԱՐՀԱՑՈՒՅՑԸ․ քարտեզագրելով ․․․» խորագրով մրցույթին հայտ է ներկայացրել Հայաստանի բոլոր մարզերի ու Երեւանի 170 դպրոց, երկրորդ փուլի շեմը հաղթահարել են 155-ը, իսկ նախագծային աշխատանք ներկայացրել՝ 143-ը։ Երկու ամսից ավելի տեւած հետազոտական, բանահավաք եւ կազմակերչական ահռելի աշխատանքի ընթացքում աշակերտներն այցելել են թանգարաններ, պատմամշակութային կոթողներ, արել հարցազրույցներ, ստեղծել մեծաքանակ հայալեզու բովանդակություն, անգամ կայքեր պատրաստել։
Կառնուտի դպրոցի թիմը միայն հաստատության սահմաններով չի բավարարվել։ Գաղափարի շուրջ համախմբվել է ամբողջ համայնքը՝ թե՛ ներկա ու նախկին աշակերտներ, թե՛ տարբեր ոլորտներում աշխատող բնակիչներ։ Նախագծային աշխատանքն այնքան ծավալուն է ստացվել, որ թիմը որոշել է փառատոն կազմակերպել՝ «Շեն Կառնուտ», որին մասնակցել են հյուրեր ոչ միայն Հայաստանից, այլեւ արտերկրից։
«Մենք կարողացանք ցույց տալ՝ համայնքն ինչ ներուժ ունի։ Ցավում եմ, որ դպրոցներն այսօր պետք է ծրագրերի մասնակցեն տեխնիկապես համալրվելու համար, սակայն կարեւոր է, որ երեխաները սովորում են որեւէ բան վաստակել, աշխատանք կատարել»,-«Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է Կառնուտի դպրոցի պատմության ուսուցիչ Աբրահամ Ավագյանը։
«Աշխարհացույց» ծրագրի ղեկավար Արեւիկ Ավետիսյանը, անդրադառնալով դպրոցների հետաքրքրվածությանն ու նախագծերի պատրաստման ընթացքին, նշում է, որ թիմերը բարձր որակի աշխատանք են արել, եւ ընտրություն կատարելը բարդ է եղել։
«Էապես բարձրացել է նախագծային աշխատանքների որակը, ակտիվ մասնակցություն է եղել Հայաստանի բոլոր մարզերից ու Երեւանից, ինչը բոլորիս ոգեշնչում է։ Այս տարվա նախագծային աշխատանքներն առանձնանում են հարուստ բովանդակությամբ, թեմաների բազմազանությամբ ու հետաքրքիր լուծումներով։ Հանրօգուտ եւ հայրենաճանաչողությանը նպաստող աշխատանքներ կան արված, որոնք առաջիկայում կհրապարակենք։ Դրանք այժմ հանրությանն են»,-նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս մրցույթը ոչ միայն տեխնիկական նոր հնարավորություններ ունենալու, այլեւ ստեղծագործելու եւ տարբեր գաղափարների շուրջ մարդկանց միավորելու մասին է։
Ի սկզբանե որոշված է եղել, որ սմարթ-էկրաններ կվաստակի 50 դպրոց, սակայն «Վիզուալ Հայաստան»-ը, հիմնադրամի գլխավոր աջակից, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի նախագահ, բարերար Քրիստին Սիմոնի աջակցությամբ, ընտրել է 100 դպրոց։ Ընտրությունը կատարել է կազմակերպիչ հիմնադրամի, ԿԳՄՍ նախարարության, ԿԶՆԱԿ հիմնադրամի եւ այլ կրթական կառույցների ներկայացուցիչներից կազմված գնահատող հանձնաժողովը։
«Վիզուալ Հայաստան»-ի տնօրեն, «Աշխարհացույց» կրթական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում հայտնում է՝ միայն տեխնիկայի ձեռքբերման համար ՀՀ կրթական ոլորտում կատարվել է 100 միլիոն դրամի ներդրում:
«Սա, կարծում եմ, աննախադեպ է մեր երկրի համար։ Միայն այս մրցույթի արդյունքում այդ հարյուր դպրոցում սովորող շուրջ 38000 աշակերտ կկարողանա կրթությունը շարունակել առավել որակյալ պայմաններով։ «Աշխարհացույց» նորարարական կրթական հարթակի հետ մենք ուսուցիչներին եւ աշակերտներին տրամադրում ենք ժամանակակից կրթական պահանջները բավարարելուն միտված եւս մեկ գործիք։ Ուրախ ենք, որ ունենք նման հնարավորություն՝ իրականացնելու այն նպատակը, որին ամբողջ թիմով ենք հավատում. վերափոխել Հայաստանը՝ վերափոխելով կրթությունը»։
Ծրագրի շրջանակում սմարթ-էկրանների ձեռքբերման գործարքը երկրորդ անգամն անընդմեջ ՀՀ կառավարությունը ճանաչել է բարեգործական։ Այս պահին արդեն իսկ համալրված են 42 հանրակրթական դպրոցներ, իսկ նոր ուսումնական տարում դրանց թիվը կհասնի 142-ի:
«Դա Հայաստանի դպրոցների տասը տոկոսից ավելին է, եւ այս արդյունքը գրանցել ենք մոտ երկու տարվա ընթացքում։ Պատկերացնո՞ւմ եք՝ եթե յուրաքանչյուր պետական կամ մասնավոր կառույց կրթության ոլորտում այսկերպ ներդրում կատարի, որքան արագ ու տեսանալի կլինեն դրական փոփոխությունները»,- նշում է հիմնադրամի տնօրենը։
«Վիզուալ Հայաստանը» նպատակ ունի կրթության ոլորտի տարաբնույթ բարեփոխումները շարունակական դարձնելու՝ Հայաստանում ու նաեւ սփյուռքում սովորող աշակերտների համար ստեղծելով կրթության հավասար եւ նորարար հնարավորություններ։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: