Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Մասուդ Փեզեշքիանը, ով հաճախ բնութագրվում է որպես բարեփոխիչ: Նա ստացել է մոտ 16,4 միլիոն ձայն կամ ընտրողների 53,3% քվեն, իսկ նրա մրցակից, կոշտ գծի կողմնակից համարվող Սաիդ Ջալիլին՝ ավելի քան 13,5 միլիոն ձայն կամ ընտրողների 44,3%-ի քվեն:
Ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել իր կողմնակիցներին, ովքեր եկել էին «սիրով քվեարկելու եւ օգնելու համար», հայտնում է AFP-ն։ «Բարեկամության ձեռքը մեկնելու ենք բոլորին։ Մենք բոլորս այս երկրի մարդիկ ենք։ Մենք պետք է բոլորին օգտագործենք երկրի առաջընթացի համար»,- ասել է նա պետական հեռուստատեսությամբ։
Թեեւ Իրանն ունի 61,5 միլիոն ընտրելու իրավունք ունեցող քաղքացի, այնուամենայնիվ հունիսի 28-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում քվեարկել էր միայն նրանց 40%-ը, որը Իսլամական հանրապետության պատմության ընթացքում ամենացածր ցուցանիշն է եղել։ Երկրորդ փուլում ընտրողների մասնակցությունը կազմել է 49,8 տոկոս։
Mehr գործակալությունն նշում է, որ ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով ժամը 12:00-ին՝ Սահմանադրությամբ սահմանված 10-ժամյա քվեարկության ժամկետից վեց ժամ անց:
61 ամյա նախկին սրտի վիրաբույժ Մասուդ Փեզեշքիանը նախընտրական քարոզարշավի ժամանակ քննադատել էր կանանց զգեստների պատշաճությանը հետեւող ոստիկանությանը։ Նա նաեւ խոստացել է վերջ տալ մնացած աշխարհից Իրանի «մեկուսացմանը»։ Փեզեշքիանը նաեւ կոչ էր արել «կառուցողական բանակցություններ վարել» Արեւմուտքի հետ 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերագործարկման շուրջ, որով Իրանը համաձայնել է զսպել իր միջուկային ծրագիրը՝ արեւմտյան պատժամիջոցների մեղմացման դիմաց:
Պահպանողական Սաիդ Ջալիլին հանդես է եկել Իրանի ստատուս քվոյի պահպանման օգտին: Արեւմուտքի հետ նախկինում միջուկային հարցերով բանակցողը մեծ աջակցություն է վայելում Իրանի ամենակրոնական համայնքների շրջանում: Ջալիլին հայտնի է իր խիստ հակաարեւմտյան դիրքորոշմամբ եւ դեմ է միջուկային համաձայնագրի վերականգնմանը, որը, ըստ նրա, հատել է Իրանի «կարմիր գծերը»:
Հիշեցնենք, որ Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվել էին, մայիսի 19-ին Իրանի հյուսիսում տեղի ունեցած ուղղաթիռի վթարի ժամանակ նախագահ Էբրահիմ Ռաիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի եւ նրանց ուղեկից անձանց զոհվելուց հետո։