Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հուլիսի 15-24-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այն ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջեւ կայունացման գործողություններ։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը
Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի եւ Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:
Հայաստանի ՊՆ փոխանցմամբ զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման եւ մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաեւ բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը:
Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների եւ վարժանքների գործընկեր երկրներում: