Օրեր առաջ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն տարածեց՝ հերքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը, ըստ որի՝ 1991 թվականին անկախությունը վերականգնելուց հետո, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կանխել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը։
«Իմ եզրակացությունն այն է, որ 1996 թվականի ԵԱՀԿ-ի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո Լեռնային Ղարաբաղի հարցը դադարեց գոյություն ունենալ»,- ասում է Փաշինյանը։ «Սա է ողջ ճշմարտությունը. կղերական-ֆեոդալական վերնախավը, թաքցնելով եւ շահարկելով Լիսաբոնյան փաստաթուղթը, օգտագործեց Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանում իշխանությունը զավթելու եւ պահելու համար»:
Այս հոդվածում չեմ պատրաստվում անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի կնճիռներին: 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումներից հետո այդ խոսակցությունը վիճելի է։ Բայց կխոսեմ Տեր-Պետրոսյանի մասին, թեեւ բավական է միայն մեջբերումներ անել նրա՝ փաստերով ու կանխատեսումներով հիմնավորված խոսքից։
Տեր-Պետրոսյանը հաճախ ժպտալով ասում է, որ ինքը մարգարե չէ, բայց իրականում, գուցե իր կամքին հակառակ, նա իսկական մի մարգարե է, որին ոչ ոք չի ուզում լսել, քանի որ դառը ճշմարտությունները դժվար թե որեւէ մեկին դուր գան:
Այսպիսով, պատմաբանը, որը կանխազգացողությամբ նայում է ապագային, դիտավորյալ անտեսվում է, շատ հաճախ չարախոսվում զրպարտանքով եւ անհիմն խոսակցություններով: Այնուամենայնիվ, ինչպես հայտնի է առնվազն երկու հազարամյակների ընթացքում. «Մարգարեն ընդունելի չէ իր քաղաքում» (Ղուկաս 4.24):
Իր հիմնական՝ «Պատերազմ, թե՞ խաղաղություն. Լրջանալու պահը» հոդվածում, 1997-ին Տեր-Պետրոսյանը, որը դեռ մի քանի ամիս մնալու էր Հայաստանի գործող նախագահ` մինչեւ Ռոբերտ Քոչարյանի կողմից պալատական հեղաշրջման արդյունքում հրաժարական կտար, հնչեցնում է չորս հարց, որոնց պատասխաններն էլ լինելու էին. նրա փաստարկի առանցքը.
1. Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի պատերազմի, թե՞ խաղաղ բանակցությունների միջոցով,
2. Հնարավո՞ր է, արդյոք, հավերժորեն կամ թեկուզ երկար ժամանակով պահպանել ստատուս-քվոն եւ Ղարաբաղի խնդրի չկարգավորված վիճակը,
3. Ղարաբաղին եւ Հայաստանին ձեռնտու է հարցի կարգավորված, թե՞ չկարգավորված վիճակը,
4. Հարցը պետք է լուծվի փոխզիջումով, թե՞ կողմերից մեկի պարտությամբ, եւ այդ դեպքում ո՞վ է լինելու պարտվող կողմը։
Նրա պատասխաններն էին.
1. Պատերազմը պետք է բացառվի, ուստիեւ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի միայնումիայն խաղաղ բանակցությունների միջոցով,
2. Ստատուս-քվոն երկար ժամանակով պահպանել հնարավոր չէ, որովհետեւ դա թույլ չեն տա ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ էլ Հայաստանի տնտեսական կարողությունները,
3. Ղարաբաղին եւ Հայաստանին ձեռնտու չէ հարցի չկարգավորված վիճակը, որովհետեւ դա զգալիորեն խոչընդոտում է Հայաստանի, հետեւաբար նաեւ Ղարաբաղի տնտեսական զարգացմանը, բարդություններ ստեղծում միջազգային հանրության եւ մանավանդ հարեւան երկրների հետ հարաբերություններում, որոնք կարող են ճակատագրական նշանակություն ունենալ,
4. Ղարաբաղի հարցի լուծման միակ տարբերակը փոխզիջումն է, որը նշանակում է ոչ թե մի կողմի հաղթանակ եւ մյուսի պարտություն, այլ հակամարտության հագեցման վիճակում ձեռքբերված հնարավոր համաձայնություն։
Այնուհետեւ Հայաստանի նախագահը զգուշացնում էր փոխզիջումների հնարավոր թեթեւամիտ այլընտրանքներից՝ «Փոխզիջման այլընտրանքը պատերազմն է», իսկ հաջորդ մարգարեական պարբերությունում հավելում. «Փոխզիջման մերժումը եւ մաքսիմալիզմը (առավելագույնը եւ ոչ թե հնարավորը ձեռքբերելու ձգտումը) Ղարաբաղի իսպառ կործանման եւ Հայաստանի վիճակի վատթարացման ամենակարճ ճանապարհն է»։
Քննադատները չհասկացան, որ Հայաստանի նման երկրի համար միջազգային հանրության կողմից չճանաչված տարածքներ «օկուպացնելը» եւ պահելն արտառոց սխրանք էր։
Նմանօրինակ օկուպացիայի երկու դեպքի հետ համեմատելով՝ կարող ենք ասել, որ Հյուսիսային Կիպրոսում Թուրքիան եւ Պաղեստինի տարածքներում Իսրայելը ինքնուրույն են պահպանել օկուպացիոն ռեժիմները, միաժամանակ, սակայն, գտնվելով Ամերիկայի հովանավորության տակ, քանի որ երկու օկուպացիաներն էլ թույլատրված էին Միացյալ Նահանգների կողմից։ Բացի ռուսական պայմանական աջակցությունից, Հայաստանն այս առումով որբ էր։
Այն, որ Հայաստանը կարողացավ երկար ժամանակ պահել այդ տարածքը, խոսում է նաեւ Հայաստանի կառավարությունների եւ դիվանագիտության ունակության մասին, սակայն, ինչպես նախազգուշացնում էր Տեր-Պետրոսյանը, այդքան երկար կարող էր գործել միայն թուլացնող մարտավարությունը։ Եվ դա ավարտվեց, ինչպես մենք հիմա բոլորս գիտենք:
«Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածում Տեր-Պետրոսյանը, առանց հստակ ասելու, ակնարկել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այլընտրանքային եւս մեկ բանաձեւ։ Հարցը, ըստ նրա, «Ղարաբաղը տալ-չտալու» մասին չէր, այլ՝ Ղարաբաղը հայ պահելու։
Տեր-Պետրոսյանը կրկին ու կրկին պնդում էր, որ այն ժամանակ, երբ Հայաստանը գերիշխում էր, Ադրբեջանի հետ ուժի դիրքերից բանակցելու լավագույն պահն էր։ Այս տեսակետը վերջերս գրեթե բառացի կրկնել է ամերիկացի վետերան դիվանագետ Էդվարդ Ջերեջյանը Սիվիլնեթի Էրիկ Հակոբյանի հետ հարցազրույցում։
«Երբ Հայաստանը հաղթեց 1994 թվականի պատերազմում եւ գրավեց Ադրբեջանի յոթ շրջանները Լեռնային Ղարաբաղում, Հայաստանի դիվանագիտական բանակցային դիրքերը շատ ամուր էին»,- ասում է Ջերեջյանը։ «Հայաստանն ուներ մի բան, որն Ադրբեջանը հուսահատորեն ցանկանում էր հետ վերադարձնել. հայերը կարող էին բանակցել ինչ-որ ընդունելի լուծման շուրջ, որտեղ Արցախը կունենար ինքնավարության մակարդակ՝ օկուպացված տարածքները զիջելու դիմաց»։
Հայաստանը, հավելում է նա, «շատ ուժեղ ձեռք ուներ», եւ ասում, թե ինքը վաղուց է զգուշացրել, որ եթե Հայաստանը չսկսեր բանակցություններ, Ադրբեջանը նավթի եւ գազի պաշարներով կկարողանար զարգացնել իր ռազմական հնարավորությունները։ Իսկ հաջորդ պատերազմում Հայաստանը կարող էր չհաղթել։»։ Նա հավելում է, ինչպես բոլորս գիտենք. «Դա եղավ»:
Տեր-Պետրոսյանը ստատուս-քվոյի պահպանումը պայմանավորում էր նաեւ համընկնող երկու հանգամանքներով. Լեռնային Ղարաբաղն այլ խնդիրներով զբաղված միջազգային հանրության 1000-րդ առաջնահերթությունն էր, եւ Ադրբեջանը ժամանակն օգագործելով վերազինվեց:
2008-ին Տեր-Պետրոսյանը տեսել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անջրպետը մեծանում էր։ Մինչ կսկսվեր 2020 թվականի պատերազմը, այդ տարբերությունը սպառազինության, տնտեսության եւ միջազգային դիրքի մեջ ահագնացել էր, մինչդեռ Հայաստանը, պաշտպանության առումով, Ռուսաստանի ռազմական ֆորպոստն էր:
Ռուսաստանը տարիներ առաջ սկսել էր իր ռազմական եւ տնտեսական շահերը համապատասխանեցնել թուրք-ադրբեջանական առանցքին։ Նույնիսկ 2000-ականների կեսերին Տեր-Պետրոսյանը կանխատեսել էր, որ Ռուսաստանը երբեք չի ճանաչի Ղարաբաղը, քանի որ «Ռուսաստանն իր սահմաններում ունի 20 Ղարաբաղ»։
Իսկապես, մինչեւ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը Ղարաբաղում, միայն կույրերը չէին կարող տեսնել, որ Ռուսաստանը սկսել է հրաժարվել Հայաստանի հանդեպ իր պարտականություններից եւ ընտրել է Ադրբեջանի կողմը` շահերի մերձեցման համար:
Բացի Հայաստանի պաշտպանության հարցում Ռուսաստանի հանձնառության սահմաններից, Տեր-Պետրոսյանը զգուշացնում էր նաեւ միջազգային հանրության մասին։ «Միջազգային հանրություն» հասկացությունը վերացական է հնչում, եւ այդ պատճառով այն հեշտությամբ անտեսվում է որպես բարի տրամադրված, սակայն անատամ բանաձեւեր, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի եւ աշխարհի խորհրդարանների կողմից:
Այնուամենայնիվ, միջազգային հանրությունը կազմված է մարդկանցից, եւ մեր դեպքում այն մարմնավորել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ անբարոյական կարիերայի քաղաքական գործիչ: Հայաստանի եւ այն արժեքների հանդեպ, որոնք նա իբր պաշտպանում է՝ արհամարհանք դրսեւորելով, նա թռավ Բաքու՝ սեղմելու Իլհամ Ալիեւի ձեռքը՝ Հյուսիսային Կորեայից հետո երկրորդ ամենատարեց ժառանգական բռնապետի:
Ֆոն դեր Լեյենը երբեք ներողություն չխնդրեց սատանայի հետ իր պայմանագրի համար։ Եվ Ադրբեջանը՝ քաջալերված միշտ ժպտացող Ֆոն դեր Լեյենից, դաժան հարձակում գործեց Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ: Սա ընդամենը երկու օրում արժեցել է ավելի քան 200 հայ ժամկետային զինծառայողի կյանք եւ դիրքերի կորուստ Հայաստանի սահմաններում։
Տեր-Պետրոսյանին հայերը միշտ չէ, որ ջերմությամբ են հիշում շրջափակման եւ պատերազմի մութ տարիների պատճառով, երբ երկրի տնտեսությունն անցավ օլիգարխների ձեռքը. սակայն հանուն արդարության, այս սյունակի հեղինակը, ով 1991 թվականի սեպտեմբերին անկախության առաջին օրերից ի վեր բազմիցս հանդիպել է Երրորդ Հանրապետության առաջին նախագահի հետ, հիշում է 1993 կամ 1994 թվականի ձմռանը գործընկերոջ պատմածը։ Տեր-Պետրոսյանի հետ հարցազրույցից վերադառնալով՝ նա պատմում էր, որ նախագահը իրենն ընդունել է իր չջեռուցվող աշխատասենյակում՝ վերարկուով։ Նա չէր խուսափել շրջափակման վատթարագույն հետեւանքներից։
Նրա ամենամեծ թերությունները կարող են լինել «ազնվության արատները»։ Տեր-Պետրոսյանը պոպուլիստի հակառակն է, եւ նրա գիտական հայացքը կարող է ոչ բոլորին գրավել: Նա միշտ ձեռնպահ է մնացել այն դեմագոգիայից եւ հռետորական մեծախոսությունից, որ քարոզվում է՝ «ուրիշների արյան» գնով։
Պետական գործչի սահմանումը սովորաբար տրվում է պատմաբանների, գիտնականների եւ հասարակության ընդհանուր կոնսենսուսով, որը ձեւավորվում է ժամանակի ընթացքում, հաճախ այն ժամանակ, երբ թեման այլեւս կենսունակ չէ: Մեր ազգի ներկա անհանգիստ ժամանակներում անգամ կասկած չկա, որ պատմությունը Լեւոն Տեր-Պետրոսյանին կներառի Հայաստանը գլխավորած լավագույն եւ ողբերգականորեն մարգարեական պետական գործիչների շարքում:
Ավետիս Հաջյան
Արտատպված է մասնակի կրճատումներով