Ֆրանսիայում կիրակի օրը կայացավ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը։ Արդյունքում ձախ կուսակցությունների «Նոր Ժողովրդական Ճակատ» դաշինքը կարողացել է Ազգային ժողովում ձեռք բերել 182 մանդատ։
Նախագահ Էմանուել Մակրոնի կողմնակից աջ կենտրոնամետ «Միասին հանուն հանրապետության» դաշինքը կորցնելով նախկին մեծամասնությունը, այժ խորհրդարանում կլինի երկրորդը՝ 168 տեղով։ Մարին Լը Պենի եւ Ջորդան Բարդելլայի աջակողմյան «Ազգային միավորումն» էլ, որը համարվում էր ֆավորիտ, այս անգամ կստանա 143 տեղ։
Ընտրություններին մասնակցությունը կազմել է 66,63 տոկոս։
Ընդ որում, ոչ մի քաղաքական ուժի չի հաջողվել մեծամասնություն ձեռք բերել խորհրդարանում։ Ազգային ժողովն ունի 577 պատգամավոր, իսկ մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է 289 մանդատ։
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատտալը նախագահ Էմանուել Մակրոնին տեղեկացրել է, որ պատրաստ է հրաժարական տալ։ Նախագահը կարող է վարչապետ նշանակել, սակայն Ելիսեյան պալատից հայտնել են, որ Մակրոնը կսպասի մինչեւ խորհրդարանի վերջնական ձեւավորումը։
«Ազգային միավորումնը», որն ընտրությունների առաջին փուլով կարողացել էր ստանալ ամենաշատ քվեները, հույս ուներ նաեւ բարձր արդյունքների հասնել կիրակի օրվա ընտրությունների ժամանակ։ Սակայն դա տեղի չունեցավ, քանի որ երկրորդ փուլից առաջ ձախերն ու Մակրոնի կողմնակիցները միավորեցին ուժերը՝ ծայրահեղ աջերի հաղթանակը կանխելու համար:
Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակման մասին հայտարարել էր նախագահ Մակրոնը հունիսի սկզբին, երբ երկրում անցկացված Եվրախորհրդարանի ընտրություններում ծայրահեղ աջերը լուրջ հաջողություններ արձանագրեցին։