Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը հայտարարել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չէր ստացել Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գագաթնաժողովում միությունը ներկայացնելու մանդատ։
Բորելի քննադատությունը հիմնականում կապված էր գագաթնաժողովին ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Էրսին Թաթարի ներկայության հետ։ ԵՄ-ն, ինչպես եւ աշխարհի բոլոր երկրները, բացի Թուրքիայից, հրաժարվում է ճանաչել Կիպրոսի հյուսիսում 1974 թվականի թուրքական ներխուժումից հետո անկախություն հռչակած թուրքական պետությունը։
«Վիկտոր Օրբանը ԵՄ-ից մանդատ չի ստացել՝ իրեն ներկայացնելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում։ ԵՄ-ն մերժում է թուրք-կիպրական անջատողական կազմավորումը օրինականացնելու փորձերը եւ ճանաչում է միայն Կիպրոսի Հանրապետությունը»,- գրել է Բորելը X սոցիալական ցանցում։
Նախորդ շաբաթ հայտնի էր դառել, որ Հունգարիայի վարչապետը այցելելու է Ադրբեջան եւ մասնակցելու է 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում Բաքվի վերահսկողության տակ անցած Շուշիում կազմակերպված Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Ելույթ ունենալով հանդիպմանը` Հունգարիայի վարչապետն հայտաարել է, որ ԹՊԿ-ն դիտարկում է որպես «շատ կարեւոր կազմակերպություն Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ համագործակցության համար»: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ «տարածաշրջանում հազարավոր մարդկանց խաղաղ ապրելու հնարավորություն տալու համար» եւ հույս է հայտնել, որ նման հնարավորություն կհայտնի նաեւ Եվրոպայում «որքան հնարավոր է շուտ»։
Նշենք նաեւ, որ ԹՊԿ Գագաթնաժողովի արդյունքում ստորագրվել է «Ղարաբաղյան հռչակագիրը», որով, ի թիվս այլ բաների, ընդգծվում էր թյուրքական պետությունների քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, ռազմարդյունաբերական, հումանիտար, կրթական եւ մշակութային ոլորտներում ողջ ներուժն ու հնարավորությունները օգտագործելու եւ միասնական ռամավարություն ձեւավորելու կարեւորությունը։
ԹՊԿ-ի լիիրավ անդամներ են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան եւ Ուզբեկստանը: Հունգարիան եւ Թուրքմենստանը ունեն դիտորդ երկրների կարգավիճակ։