Էլեկտրական ինքնագլորները մայրաքաղաքում հայտնվել են 2021 թվականից։ Երեւանում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների մեջ մեծ է ինքնագլորների մասնակցությամբ պատահարների թիվը։ «Հերացի» վերլուծական կենտրոնը վիճակագրական տվյալներ է ներկայացրել Երեւանի պետական բժշկական համալսարանի հիվանդանոցային համալիրներում ինքնագլոր վարելու հետեւանքով գրանցված վնասվածքների վերաբերյալ։
Ինչպես Եվրոպական տարածաշրջանի այլ պետություններում, Հայաստանում եւս տուժածների մեծամասնությունը՝ 95%-ը, եղել են փոխադրամիջոցը վարած անձինք, իսկ 5%-ը՝ հետիոտներ։ Հիվանդանոց դիմած բոլոր տուժածները, այդ թվում՝ փոխադրամիջոց վարող անձինք, եղել են չափահաս, մեծամասնությունը՝ 68%-ը, 18-30 տարեկան, իսկ 32%-ը 30 եւ բարձր տարիքային խմբի ներկայացուցիչներ: Ինքնագլորների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներ արդյունքում տուժածների 24%-ի մոտ հայտնաբերվել են կոտրվածքներ, 76%-ի մոտ՝ տարբեր աստիճանի վնասվածքներ առանց կոտրվածքի առկայության:
Մինչ այս որեւէ պետական մարմին չէր կանոնակարգում ինքնագլորների երթեւեկությունը։
ՀՀ ներքին գործերի նախարարությունը օրենսդրական փոփոխություններ է առաջարկել, որոնցով առաջիկայում կկանոնակարգվեն ինքնագլորների երթեւեկության կանոնները։ Ըստ այդմ՝ Կառավարությունը հավանություն է տվել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագծին։
Օրենսդական փոփոխությունները սահմանում են՝ ինքնագլոր կարող են վարել 18-ից բարձր տարիք ունեցողները կամ 16 տարին լրացած այն անձինք, որոնք ունեն «AM» ենթակարգի տրանսպրոտային միջոց վարելու իրավունք։ Ընդ որդում, մինչեւ 18 տարեկան անձինք կարող են օգտագործել ինքնագլորներ համայնքի ավագանու սահմանած վայրերում։
Ամեն օր կարելի է նույնիսկ երթեւեկելի հատվածներում մեքենաների կողքով ընթացող ինքնագլորներ տեսնել։ Այժմ արդեն հստակ սահմանվում է՝ այս փոխադրամիջոցը կարելի է վարել հեծանվային կամ հետիոտնային արահետներում, հեծանվորդների համար նախատեսված գոտիներում։ Դրանց բացակայության դեպքում երթեւեկությունը կարող է թույլատրվել մայթով կամ կողնակով։ Իսկ եթե դրանք էլ չկան, երթեւեկությունը կարող է թույլատրվել երթեւեկելի գոտու աջ հատվածով:
Հեծանվով, մոպեդով կամ ինքնագլորով երթեւեկելիս պետք է սաղավարտ կրել։
Ինքնագլոր վարողը չպետք է գերազնագի 20 կմ/ժամ արագությունը, այլապես կենթարկվի վարչական պատասխանատվության։ Ինքնագլորները պետք է ունենան ստուգաչափեր։ Մինչեւ 2025 թվականի սեպտեմբերը սեփականատերերը կամ դրանք վարձույթով տրամադրող ընկերությունները պետք է փոխադրամիջոցները կահավորեն ստուգաչափերով։ Ըստ պատկան մարմինների՝ սա բավարար ժամկետ է դրանք տեղադրելու համար։
Աննա Զարգարյանն ընդամենը մեկ անգամ է փորձել եւ ոտքի փակ բազմաբեկոր կոտրվածք է ստացել։
«Որոշեցի ազգականներիս հետ ինքնագլոր վարել։ Նրանցից մեկն ինձնից առաջ էր ընթանում, մյուսն՝ իմ հետեւից։ Մոտ 25 կմ/ժ արագությամբ էի վարում։ Վարելիս ինձ թվաց՝ իմ հետեւից ընթացող ազգականս ընկավ, եւ առանց արագությունը նվազեցնելու կամ արգելակելու պտտվեցի հետ, այնուհետեւ կորցնելով հավասարակշռությունս՝ ընկա։ Դեպքը տեղի է ունեցել երկու տարի առաջ։ Դրանից հետո այլեւս ինքնագլոր չեմ վարել»,- պատմում Աննան։
Այսուհանդերձ, նա կարծում է՝ արագ տեղաշարժվելու համար ինքնագլորը հարմար փոխադրամիջոց է, բայց այն վարելիս պետք է զգոն լինել ու հետեւել երթեւեկության կանոններին, մանավանդ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանում շատ քիչ են հեծանվային արահետները, որտեղ վարելն անվտանգ է։ Օրինակ՝ հարեւան Վրաստանում հեծանվային արահետները շատ են, եւ, բնականաբար, ինքնագլոր վարելն վարելն ավելի անվտանգ է։
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը վստահ է՝ օրենսդրական այս կարգավորումն, ըստ էության, չի կարող երթեւեկության անվտանգությունն ապահովել, քանի որ նախ հարկավոր է քաղաքային տրանսպորտին ու ավտոմեքենաներին փոխարինող այսպիսի այլընտրանքային տրանսպորտային միջոցների համար առանձին երթեւեկության ուղիներ կառուցել։ Հետեւաբար, օրենսդրական նոր կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո էլ ինքնագլորների մասնակությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն էապես չի նվազի։
«Իրավապահները կարող են ինքնագլորներ վարողներին կանգնեցնել, փաստաթղթերը ստուգել, եւ եթե վարողը խախտել է օրենքը, նա վարչական պատասխանատվության կենթարկվի։ Բայց, ինքնագլորների երթեւեկության անվտանգության հետ կապված՝ խորքային լուծումներ են անհրաժեշտ»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է Տիգրան Քեյանը։
Աշխարհի տարբեր երկրներում տարածված է նաեւ էլեկտրական հեծանիվների շահագործումը, որոնք հիմնականում առաքիչներն են վարում:
Ըստ Քեյանի՝ շուտով այդ հեծանիվներից Հայաստանում էլ կվարեն, եւ վթարներն է՛լ ավելի կշատանան։ Միայն առանձնացված ուղիներով հնարավոր կլինի հնարավորինս անվտանգ երթեւեկություն ունենալ։
Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը կարծում է՝ ինքնագլորների հետ կապված՝ օրենսդրական կարգավորումներն ուշացած են․ շատ ավելի վաղ պետք է այս հարցը լուծվեր։ Երեւանի մայթերում քայլելը վտանգավոր է դարձել, քանի որ ինքնագլորները շատ են ու դրանք երթեւեկելու առանձնացված ուղիներ չունենալու պատճառով հաճախ մայթերով են ընթանում։
«Օրինակ՝ Փարիզում սեպտեմբերից արգելվեու է ինքնագլորների շահավործումը։ Այդ որոշումը կայացրել են փարիզեցիները հանրաքվեով։ Սա ավելի ճիշտ ու ժողովրդավար միջոց է։ Մարդկանց հարցնում են կո՞ղմ եք, թե՞ դեմ, որ ձեր քաղաքում լինի նման տրանսպորտային միջոց։ Բայց, մեզանում բացակայում է ժողովրդի կարծիքը հարցնելու այս պրակտիկան»,- ասում է Իզաբելլա Աբգարյանը։
Նա վստահ է՝ միայն օրենսդրական կարգավորումներ ունենալը բավարար չէ։ Արագության եւ տարիքի սահմանափակումը չեն կարող այս խնդիրը հիմնավորապես լուծել, քանի որ նախ այդ տրանսպորտային միջոցների համար նախատեսված հատուկ ուղիների կարիք կա։ Ըստ Աբգարյանի՝ սովորաբար Երեւան քաղաքին վերաբերող նման օրենսդրական նախաձեռնություններն ավագանու անդամներին էլ են նախապես ներկայացնում, որպեսզի վերջիններս դրանք ուսումնասիրեն եւ կարծիքներ հայտնեն, առաջարկներ անեն, բայց այս անգամ նման հնարավորություն չի եղել։ Փաստաթղթերն ավագանու անդամներին չեն ներկայացրել։
Ավագանու անդամը նկատել է՝ մայթերով քայլելիս մայրերը վախենում են երեխաների ձեռքը թողնել, քանի որ մտածում են՝ գուցե ինքնագլոր հայտնվի ու նրանց վնասի։ Մայթերով ճեմելն, իսկապես, վտանգավոր է դարձել։
«Գուցե արժե ընդհանրապես արգելել ինքնագլորների շահագործումը, բայց միաժամանակ գիտակցում եմ՝ այսպիսի տրանսպորտային միջոցների առկայությունը կարեւոր է։ Բազմաթիվ ընկերություններ կան, որոնք հենց ինքնագլորների շահագործման միջոցով են կարողանում մատչելի առաքում ապահովել։ Բացի այդ՝ երթեւեկությունը չի ծանրաբեռնվում, օդն ավելի չի աղտոտվում։ Այնպես որ, իդեալական տարբերակ կլինի, եթե այս այլընտրանքային տրանսպորտի համար ուղիներ կառուցվեն, դրանց զուգահետ՝ գործեն նաեւ օրենսդրական կարգավորումները»,- եզրափակում է Իզաբելլա Աբգարյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։